Սուրճը կրկնակի թանկացել է, և սա դեռ վերջը չէ. գործարարները` հայաստանյան գների մասին

Մանրամասներ
ս

Սուրճի թանկացումը սկսվել է ոչ թե վերջին 1-2 ամիսներին, այլ 2023թ. աշնանից։ Sputnik Արմենիային այս մասին ասացին սուրճի ներկրմամբ ու վաճառքով զբաղվող ընկերությունների ներկայացուցիչները` մեկնաբանելով տեղական շուկայում գրանցված թանկացումը։

Եթե անցյալ տարի «Ռոբուստա» տեսակի ամենաէժան սուրճի 1 կգ-ը Հայաստանի վաճառակետերում արժեր շուրջ 2600-2700 դրամ, ապա այսօր այն 3700-4390 դրամ է։ «Արաբիկա» տեսակի 1 կգ- գինը տատանվում է 6100-6550 դրամի միջակայքում, 2 տեսակների խառնուրդները (կախված դրանց հարաբերակցությունից) վաճառվում են 1 կգ–ը 4150 – 4750 դրամով։

«Սուրճը ֆյուչերսային ապրանք է, որը միջազգային շուկայում վաճառվում է 2 բորսայում` լոնդոնյան և նյույորքյան։ 2023թ–ի սեպտեմբերից սկսած մինչև այս պահը սուրճը միջազգային այդ բորսաներում թանկացել է մոտ 2 անգամ, այսինքն` 200 տոկոս։ Դա պայմանավորված է 2 հանգամանքով` անցած տարի Բրազիլիայում տեղի ունեցած երաշտի և այս տարի ստացված սակավ բերքի»,– Sputnik Արմենիայի հետ զրույցում ասաց «Փարիզյան սուրճ» ընկերության հիմնադիր տնօրեն Տիգրան Հովսեփյանը` հավելելով, որ հայաստանյան շուկան բացառապես արձագանքել է միջազգային շուկայում գնի փոփոխությանը։

Ընդ որում` գործարարը նշեց, որ Հայաստանում սուրճի գինը բարձրացրել է ոչ միանգամից, և տեղական շուկայի մասնակիցները փորձել են հնարավորինս երկար պահել ցածր գինը` ի հաշիվ էժան գնով ձեռք բերած և պահեստավորած սուրճի իրենց խմբաքանակների։

Հովսեփյանի դիտարկումներով` թանկացումներն այսքանով չեն ավարտվելու, միջազգային շուկայում աճի միտումը մինչև աշուն դեռ շարունակվելու է։ Դրանից հետո իրավիճակը կախված կլինի աշնանը սպասվող բերքից։

«Հենց հիմա բերքահավաքի սեզոնն է` մայիսից մինչև սեպտեմբեր։ Ամեն ինչ կախված է նրանից, թե ինչքան բերք կհավաքեն։ Բերքը հաշվարկվում է 60 կգ–անոց պարկերով։ Կախված այն բանից, թե քանի պարկ բերք կհաջողվի հավաքել, դրանով էլ կորոշվի ֆյուչերսային գինը։ Եթե շատ հավաքեն, մի քիչ կէժանանա։ Եթե քիչ հավաքեն, կթանկանա։ Իրավիճակը պարզ լինի սեպտեմբեր-հոկտեմբերին»,- նշեց Տիգրան Հովսեփյանը։

Սուրճի ներկրմամբ ու արտադրությամբ զբաղվող «Ֆիկա» ընկերության տնօրեն Վահագն Պողոսյանը ևս կարծում է, որ թանկացումները դեռ չեն ավարտվել։

«Այնպես չէ, որ հասել ենք վերջնակետին, գների բարձրացում էլի է սպասվում։ Ճիշտ է` ոչ այսքան մեծ չափով։ Կլինեն տեսակներ, որոնք հնարավոր է` էլ չթանկանան։ Բայց հիմնական մասը դեռ թանկանալու է մինչև աշուն մոտավորապես 20 տոկոսի չափով»,– կանխատեսեց գործարարը։

Պողոսյանի դիտարկմամբ` Հայաստան ներկրվող ու տեղական շուկայում իրացվող սուրճի գնի վրա մեծապես ազդում են ոչ միայ միջազգային գները, այլև լոգիստիկ, տրանսպորտային ծախսերը։

«Հատկապես այն երկրներից, որտեղից տեղափոխությունը նավով է կատարվում, և՛ տեղափոխման ժամկետներն են շատ երկարում, և՛ գներն են բարձրանում։ Բեռնատարներով տեղափոխությունը համեմատաբար էժան է, բայց այստեղ ևս տրանսպորտային ծախսերը նախկինի համեմատ բավական բարձրացել են»,– նշեց գործարարը։
Սուրճի բիզնեսում ներգրավված մեր զրուցակիցները վստահեցրին, որ Հայաստանում սուրճի շուկան մրցակցային է, գները որոշվում են շուկայի օրենքներով և ոչ հակամրցակցային համաձայնությունների արդյունքում։ Խոշոր ներկրողներ թեև կան, բայց դրանք մոնոպոլ կարգավիճակում չեն։

Նշենք, որ լոնդոնյան բորսայում «Ռոբուստա» սուրճի ֆյուչերսայի գինը ս.թ. հուլիսի 9-ի դրությամբ ռեկորդային մակարդակի էր հասել` 1 տոննայի համար 4646 դոլար։ Մինչդեռ 2023թ–ի հուլիսի նույն օրերին դրա արժեքը 2859 դոլար էր։

Հուլիսի 22-ին «Ռոբուստայի» 1 տոննայի բորսայական արժեքը 4482 դոլար էր։ Չնայած որոշակի նվազմանը` բարձր գինը դեռ պահպանվում է։ Համաշխարհային վերլուծաբանները նշում են, որ դա պայմանավորված է Բրազիլիայում սուրճի` սպասվածից ցածր բերքով, քանի որ այդ երկիրը հանդիսանում է «Ռոբուստայի» համաշխարհային խոշոր մատակարարը։

Սուրճի թանկացման մեկ այլ պատճառ էլ Հարավարևելյան Ասիայում գրանցված անոմալ շոգն է։ Ապրիլից սկսած Վիետնամում, Թաիլանդում և Ֆիլիպիններում ջերմաստիճանը նորմայից բարձր է եղել՝ ցերեկը հասնելով 48°C-ի: