Ռուսաստանը մշտապես առաջնահերթ ուշադրություն է հատկացրել Հարավային Կովկասի երկրների հետ հարաբերություններին

Մանրամասներ

Փոփոխվող աշխարհում, որտեղ համաշխարհային տնտեսական ակտիվությունը տեղափոխվում է Ասիա-Խաղաղօվկիանոսյան տարածաշրջան, ռուսական «Մեծ Եվրասիայի» նախաձեռնությունը հատուկ իմաստ է ստանում՝ հայտարարել է ՌԴ ԱԳՆ Տեղեկատվության և մամուլի վարչության պետի տեղակալ Իվան Նեչաևը:

«Ռուսաստանն ակտիվորեն ներգրավված է Մեծ եվրասիական գործընկերության ստեղծման գործում, աշխատում է ԵԱՏՄ-ի զարգացման և «Մեկ գոտի մեկ ճանապարհ» ծրագրի հետ զուգորդման ուղղությամբ»,- նշել է Նեչաևը, հավելել՝ Հարավային Կովկասը Եվրասիայի համար ռազմավարական նշանակության տրանսպորտային հանգույց է:

Նա կարևորել է համատեղ լոգիստիկ նախագծերի իրականացումը, այդ թվում՝ Հյուսիս-հարավ միջազգային տրանսպորտային միջանցքի զարգացումը:

«Վերջինիս արագ գործարկման տեսանկյունից ողջունում ենք Ադրբեջանի և Հայաստանի ջանքերը՝ տարածաշրջանի բոլոր տնտեսական և տրանսպորտային հաղորդակցությունների ապաշրջափակման ուղղությամբ: Նախորդ տարի հատուկ ձևաչափ ստեղծվեց՝ «3+3» տարածաշրջանային խորհրդատվական հարթակ, որի շրջանակներում ևս քննարկվում են այդ բոլոր հարցերը»,- ասել է Նեչաևը:

Նրա խոսքով՝ Ռուսաստանը մշտապես առաջնահերթ ուշադրություն է հատկացրել Հարավային Կովկասի երկրների հետ հարաբերություններին: «Վերջին տարիներին հարավկովկասյան գործընկերների հետ համագործակցությունը միայն թափ է հավաքում: Մասնավորապես՝ 2022 թ. արձանագրվել է առևտրաշրջանառության էական աճ, ինչը դրական է անդրադառնում այդ երկրների տնտեսական ցուցանիշների վրա»,- ընդգծել է դիվանագետը: