Պաշտպանության նախարարությունը դադարեցնում է «Ես եմ» ծրագիրը և ներդնում նորը՝ «Պաշտպան հայրենյաց»

Մանրամասներ
ա

Պայմանագրային զինվորական ծառայության գրավչությունը բարձրացնելու նպատակով առաջարկվում է ներդնել շարքային և սպայական կազմերի պարտադիր զինվորական ծառայությունից պայմանագրային զինվորական ծառայության անցման նոր համակարգ, որը կկոչվի «Պաշտպան հայրենյաց»:

Նախագիծն այսօր Կառավարության նիստի ժամանակ ներկայացրեց պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը:

«Ծրագիրը նախատեսում է շարքային և սպայական կազմերի պարտադիր զինծառայության առաջին վեց ամիսը լրանալուց հետո, Կառավարության սահմանած կարգով, պայմանագրային զինվորական ծառայություն անցնելու հնարավորություն՝ ծառայության ժամկետը սահմանելով 5 տարի, ինչպես նաև պայմանագրի ժամկետը լրանալու կամ առողջական վիճակի պատճառով ոչ պիտանի ճանաչվելու հիմքով ծառայությունից ժամկետից շուտ արձակվելիս սահմանել պատվովճար սահմանելու իրավունք։ Ի դեպ, պատվովճարի չափը նախատեսվում է սահմանել 5 մլն դրամ, որ տնօրինվում է ազատորեն»,- հայտնեց նախարարը:

Պապիկյանը նաև նշեց, որ պայմանագրային զինծառայությունից հրաժարվելու դեպքում այդ ժամկետը չի հաշվարկվելու զինծառայողի պարտադիր ծառայության ժամկետում, և զինծառայողը պարտավոր է լինելու շարունակել զինծառայության չծառայած մասը։

Վերջինս նաև ասաց, որ «Պատիվ ունեմ» ծրագիրը հնարավոր է՝ այլևս չշարունակվի։

«Ես չեմ շտապի այս պահին գնահատական տալ և ասել, որ «Պատիվ ունեմ» ծրագիրը չի շարունակվի: Կան բազմաթիվ խնդիրներ, այդ թվում՝ նաև ուսում ստանալու, ծառայության համար ոչ պիտանի դառնալու բազմաթիվ խնդիրներ։ Բայց քանի դեռ սպայական կազմի համալրման մեր նոր կարգը դեռ չի տվել իր պտուղները, այս պահին միանգամից հրաժարվելը նպատակահարմար դեռ չենք համարում: Թեման քննարկելի է, կարելի է այն բարելավել»,- ասաց նա: