«Կարծում եմ՝ նա ռազմական հանցագործ է». Բայդենը՝ Պուտինի մասին. Տեսանյութ

Մանրամասներ

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը, Ուկրաինայում իրականացվող հատուկ ռազմական գործողության ֆոնին, ՌԴ ղեկավար Վլադիմիր Պուտինին անվանել է «ռազմական հանցագործ», գրում է CNN-ը:

Հայտնի է, որ Բայդենն այդ մասին ասել է լրագրողների հետ զրույցում:

«Կարծում եմ՝ նա ռազմական հանցագործ է»,-ասել է Միացյալ Նահանգների նախագահը:

Հետաքրքրական է, որ նախ, Բայդենը պատասխանել է «ոչ» հարցին, թե արդյոք Պուտինը ռազմական հանցագործ է։ Հետո նա արագ վերադարձել է լրագրողների խմբի մոտ՝ պարզաբանելու, թե իրեն ինչի մասին են հարցրել։ Կրկին հարցին՝ արդյոք Պուտինը ռազմական հանցագործ է, ԱՄՆ նախագահը դրական է պատասխանել։

Մինչդեռ Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովն անընդունելի է անվանել Բայդենի խոսքերը։

«Մենք անընդունելի և աններելի ենք համարում պետության ղեկավարի նման հռետորաբանությունը, որի ռումբերն ամբողջ աշխարհում հարյուր հազարավոր մարդկանց կյանք են խլել», - ասել է Կրեմլի խոսնակը։

Աղբյուրը նկատում է, որ պաշտոնյաները, այդ թվում՝ Բայդենը, նախկինում չեն ասել, որ Ուկրաինայում ռազմական հանցագործություններ են կատարվում։ Նրանք նշում էին, որ հետաքննում են, թե արդյոք այդ տերմինը կարող է օգտագործվել Ուկրաինայում ծավալվող իրադարձությունների առնչությամբ: