Որևէ պայմանավորվածություն փակ դռների հետևում չի եղել. Ալեն Սիմոնյանը՝ Հրանտ Մարգարյանին

Նախ, տուն ուղարկելուց առաջ թող իրենք ներս գան, նոր տուն ուղարկելու մասին խոսեն

ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանն այսօր լրագրողների հետ զրույցում անդրադարձել է ՀՅԴ Ընդհանուր ժողովի ժամանակ ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչ Հրանտ Մարգարյանի հայտարարությանը: Վերջինս նշել է, որ լսել է այդ ելույթը, որտեղ խոսվել է ինչ-որ պայմանավորվածությունների մասին.

«Կարող եմ ասել, որ որեւէ պայմանավորվածություն փակ դռների հետեւում չի եղել: Պարոն Մարգարյանն իր խոսքում շատ հմտորեն բաց էր թողնում իրենց գործելաոճը կապված օրինակ հոկտեմբերի 2-ին, երբ իրենք ՀՀԿ-ի հետ մեկտեղ խախտեցին իրենց կողմից նշված այդ «պայմանավորվածությունը»: Խախտեցին նաեւ իրենք քվեարկության չգալով, ընտրական օրենսգրքի տապալումով: Մենք եւ ես վստահ եմ, որ մեր շատ գործընկերներ չէին հասկանում՝ իրենք կողմ են քվեարկել, թե դեմ են քվեարկելու, քանի որ խոսում էին դեմ, բայց քվեարկում էին կողմ կամ հակառակը»,- ասել է Ալեն Սիմոնյանը:

Ինչ վերաբերում է իշխանությանը, ԱԺ փոխնախագահը նշել է, որ գնահատականը ոչ թե Հրանտ Մարգարյանն է տալիս, այլ ընտրողը և ընտրողն արդեն տվել է իր գնահատականը:

Խոսելով Հրանտ Մարգարյանի այն հայտարարության մասին, թե «հաջորդ ընտրություններին տուն ենք ուղարկելու այս իշխանություններին եւ ստանձնելու ենք երկրի ամբողջական ղեկավարման գործը»: Ալեն Սիմոնյանն ասել է. «Նախ, տուն ուղարկելուց առաջ թող իրենք ներս գան, նոր տուն ուղարկելու մասին խոսեն»: