Նիկոլ Փաշինյանը ԱԺ-կառավարություն հարցուպատասխանի ժամանակ կրկնվող հարցերից, շատ բան ասել չկարողանալուց տրտնջալու եւ ընդդիմությանը հայտնի մեղքերի մեջ փնովելու արանքում արեց ամենակարեւոր խոստովանությունը՝ որ գործում է պարտադրանքի տակ։ Այնպես չէ, որ սա հասկանալի չէր, սակայն այս անգամ վարչապետը հստակ նշեց ու առարկայացրեց այդ հանգամանքը։
Ընդհանուր գծերով ամփոփելով վարչապետի երեկվա պատասխանները պատգամավորների հարցերին, արձանագրենք հետեւյալը՝ Բաքվի ներխուժումները ՀՀ Սյունիքի եւ Գեղարքունիքի մարզեր տեղի են ունենում Ռուսաստանի առաջնորդությամբ ու հրահանգով՝ Հայաստանին ՌԴ ԶՈՒ քարտեզներով պարտադրելով սահմանազատում եւ հաղորդակցությունների ապաշրջափակման անվան տակ ՀՀ տարածքի օտարում միջանցքներով։
Փաշինյանը նշել է, որ դեկտեմբերին զորքերը հետ չքաշելու պարագային ռազմական գործողությունները վերսկսելու էին, եւ «Սյունիքում լինելու էին խնդիրներ», այսինքն՝ միջանցքի բացում ռազմական ներխուժմամբ։ Ստացվում է՝ Մոսկվայից Հայաստանի առջեւ դրվել է «ընտրություն»՝ միջանցքները բացվում են կամ կամավոր, կամ ուժով։ Նկատենք, որ Սյունիքի մարզը ՌԴ եւ ՀԱՊԿ պայմանագրային պարտավորությունների գոտին է։
Սյունիքի մարզի օկուպացիայի հանգամանքը նշեց նաեւ Իրանի ԱԳ նախարարը՝ Լավրովին տված հայտնի հարցով, որին ՌԴ ԱԳ նախարարը չի պատասխանել մինչ այժմ։
Փաշինյանը զուր չի նշել Սոթք-Խոզնավար հատվածը։ Բաքվի ռազմական ներխուժումների միջոցով Ռուսաստանն այս հատվածում ձեւավորում է իր ռազմական ներկայության ճակատային գիծը Հայաստանում։ Այս ամիսների ընթացքում սահմանամերձ բնակավայրերի համայնքապետերի, ականատեսների՝ ԶԼՄ-ներին փոխանցած բազմաթիվ պատմությունները նույնպես վկայում են այս հանգամանքը։
Սա Լավրովի պլանի ընդլայնված կիրառումն է Հայաստանի տարածքում՝ Հայաստանի դեմ Արցախում նախաձեռնած պատերազմից եւ Շուշիի, Հադրութի ու Արցախի կարգավիճակի վերացման դիմաց ռուսական զորք տեղակայելուց հետո։ Խնդիրն այստեղ հետեւյալն է՝ Փաշինյանը մասնակի՞ց է այս ծրագրերին, թե նրան դրել են ինչ-որ պայմանների առաջ, այդ թվում՝ անձնական։ Փաշինյանի մի քանի ակնարկներն այս ընթացքում՝ պատերազմի հանգամանքների վերաբերյալ ճշմարտությունը բացահայտելու մասին, լույս չեն սփռում այս հարցի վրա, ինչպես պարզվեց հետագայում՝ այդպիսով Փաշինյանը լուծում էր ընդամենն իր իշխանությունը պահելու խնդիրը։
Ավելին՝ սկզբնաղբյուրում
0Comments