ArmDaily.am-ի հետ զրույցում «Սև հովազ» ջոկատի հրամանատար, Ռուստամ Գասպարյանի եղբայրը՝ Սերոբ Գասպարյանն ասաց, որ թշնամին Հայաստանի Հանրապետության տարածքի խորքում միայն այն դեպքում կարող է զինված հայտնվել ու վեց հայ զինծառայող գերի վերցնել, երբ իշխանություն գոյություն չունի։
«Ես համարում եմ, որ եթե մենք չունենանք իշխանություն, երևի մեր երկիրը ավելի լավ կպահենք, քան թե ունենք էս տիպի իշխանություններ։ Բոլորը հիմա զբաղված են իրենց աթոռների համար, թե իշխանություն, թե ընդդիմություն՝ բոլորը միասին։
Ոչ ոքի մտքով չի անցնում, սահմանների հարցը, այս բարձիթողությունը, չգիտեմ էլ արդեն ինչ մտածենք մենք էս մարդկանց մասին, թե նախկին իշխանություններ, թե ներկա իշխանություններ՝ բոլորը անտարբեր են այս երկրի նկատմամբ»,- ասաց Գասպարյանը։
Նա ասաց, որ խնդիրների մասին բարձրաձայնելուց իշխանությունները մարդկանց մեղադրում են թշնամուն ինֆորմացիա տալու մեջ, այնինչ ամենամեծ ինֆորմացիա հենց իրենք են տալիս, թե ընդդիմությունը, թե իշխանությունը։
«Բոլորը մարդիկ են հավաքում իրենց շուրջը ցույց տալու համար, թե ինչքան աջակից ունեն։ Լսեք, երկիրը վտանգի մեջ է՝ երկիր ենք կորցնում, ես առաջին անգամ որ ասեցի՝ ուր են ձեր թե նախկին, թե ներկա իշխանությունների վիրավորները, զոհերը, էսօր ո՞ւր են դրանց որդիները, ինչի՞ համար մեր կողքին չեն»,-շեշտեց Սերոբ Գասպարյանը։ Սև հովազ ջոկատի հրամանատարը ստեղծված իրավիճակում առաջարկում է իր լուծումը. «Այսինքն մենք չենք կարո՞ւմ գերի վերցնենք իրանց, եթե խորացել են մեր թիկունքը, մենք չե՞նք կարողանում վերցնենք իրենց գերի։
Ի՞նչ է նշանակում թշնամին գա նստի քո թիկունքը, մի հատ էլ ծեծի քո զինվորին, նվաստացնի քո զինվորին՝ ավելի լավ չի՞ ազգովի մեռնենք, քան թե նվաստացած ապրենք։ Մեր սուրը փառքով չդրեցինք, մեր սուրը վախկոտությամբ դրեցինք պատյան։ Վախկոտների հավաքածու են թե ընդդիմությունը, թե իշխանությունը»։ Մեր հարցին, որ իշխանություններն ասում են, որ նման քայլերի դեպքում պատերազմի վտանգ կա, հրամանատարն ասաց, որ պատերազմի վախի հետևանքով երկու միլիոն հայ, երեք միլիոն հայ գերի ընկնելն ավելի լա՞վ այլընտրանք է։
«Ինչպես էր քաղաքական գործիչ կոչվածը ասում՝ ավելի լավ ա թուրքի շուն լինեմ, քան թե ռուսի բարեկամ։ Եթե դու քո ընտանիքը չես կարողանում պահել՝ քո հարևանը քո ընտանիքը չի պահի։ Դու պետք է քո ընտանիքը պահես, ավելի լավ է հպարտությամբ, փառքով ու հավատքով մեռնենք, քան թե մնանք ու էսպես նվաստացած լինենք մեր երկրի մեջ, մեր տան մեջ։
Ինչպես ասում էր լուսահոգի ախպերս, սա Աստծո տունն է՝ մենք տեղ չունենք գնալու, Հայաստան երկիրը Աստծո տուն է, բայց եկան սատանաները և վախեցրեցրին բոլորին։ Մարդիկ այսօր աստվածներ են փնտրում երկրի վրա՝ Ռոբերտ աստված, Լևոն աստված, Սեր աստված, Նիկոլ Հիսուս՝ դրա համար էլ Աստված երես է թեքել այս ազգից»,- եզրափակեց Սերոբ Գասպարյանը։
Սև հովազ ջոկատի հրամանատարի հետ զրուցեցինք այն ժամանակ, երբ հերթական անգամ մեկնում էին մարտական հերթապահության։ Հայկա Ալոյան
0Comments