Հայտնի փաստ է, որ հատկապես ձմռանը մեր մաշկն առավել շատ հոգատարության և խնամքի կարիք է ունենում: Օդի խոնավությունն ու ցուրտը կարող են պատճառ հանդիսանալ ձեռքերի, մաշկի չորացման, չորուկների առաջացման և ճաքճքման համար:
Այս ամենից խուսափելու համար, կոսմետոլոգները խորհուրդ են տալիս հատկապես ձմռանն առավել ուշադիր լինել սեփական մաշկի հանդեպ: 168.am-ը զրուցեց կոսմետոլոգ Լիանա Հարությունյանի հետ, ով առաջարկեց ձեռքերի խնամքի հետևյալ միջոցները:
«Ձեռքերի և առհասարակ մաշկի խնամքը չափազանց կարևոր է նախ՝ մարդու առողջության համար, հետո՝ գեղեցիկ և առողջ տեսք ունենալու համար: Ինձ մոտ շատ հաճախորդներ են գալիս, ովքեր հատկապես ձմռանը տառապում են մաշկային չորությունից, ձեռքերին առկա ճաքճքվածությունից, որոնք հաճախ արտահայտվում են թույլ արյունահոսությամբ:
Սա խնդիր է հայ կանանց և աղջիկների համար, ովքեր այնքան էլ սովոր չեն խնամել իրենց ձեռքերը: Կոսմետոլոգները ձեռքերի խնամքի համար առաջարկում են հիմնականում պարաֆինային դիմակները, որոնք և՛ թեթև են, և՛ համարվում են ամենաարդյունավետ խնամքի միջոցներից: Այս ծառայությունները հիմնականում առաջարկում են ՍՊԱ կենտրոնները: Դրանք շատ թանկ չեն, բացի դա էլ, բավական արդյունավետ են»,- ասաց կոսմետոլոգ Լիանա Հարությունյանը:
Հարցին, բացի ՍՊԱ կենտրոններ հաճախելուց, հայ կանայք և աղջիկները տնային պայմաններում ինչպե՞ս կարող են խնամել իրենց ձեռքերը, կոսմետոլոգը պատասխանեց, որ նախ՝ չպետք է «մերկ» ձեռքերով՝ առանց խոհանոցային ձեռնոցների, ինչ-որ բան լվանալ, մանավանդ՝ ցուրտ եղանակին:
«Ամեն գիշեր, քնելուց առաջ պետք է որևէ փափկացնող քսուկով, կրեմով խնամել ձեռքերը, իսկ տանից դուրս գալիս՝ անպայման պետք է ձեռնոցներ կրել: Կարտոֆիլից պատրաստված դիմակները ևս շատ օգտակար են մաշկի համար: Այս դիմակն օգնում է մաշկը հիանալի հարթեցնել և ձեռքերի վրա առկա մանր ճաքերը վերացնել: Դիմակը պատրաստելու համար անհրաժեշտ երկու-երեք խաշած տաք կարտոֆիլից պյուրե պատրաստել՝ ավելացնելով երկու-երեք ճաշի գդալ կաթ: Պյուրեն տարածել ձեռքերին, վրայից պոլիէթիլենային թաղանթով փաթաթել և բրդե ձեռնոցներ հագնել: Անհրաժեշտ է պյուրեն պահել ձեռքերի վրա այնքան ժամանակ, մինչ խյուսն ամբողջությամբ սառչի»,- ասաց Լ. Հարությունյանը:
Ըստ կոսմետոլոգի, բացի մաշկից, եղունգները ևս, շատ խնամքի և հոգատարության կարիք ունեն: «Տգեղ, հիվանդ և շատ կարճ եղունգներ չունենալու համար պետք է առավել խնամքով խարտել եղունգները՝ դրանք ձմռանն առավել փխրուն և շուտ փշրվող են դառնում: Այս ամենի հետ մեկտեղ, առաջարկում եմ հատկապես ձմռան ընթացքում «շոյել» մեր մաշկը յուղային, տաք լոգանքներով, եթե հնարավոր է՝ այցելել նաև մերսման սրահներ»,- ասաց կոսմետոլոգը:
0Comments