«Հրայր Թովմասյանի լիազորությունները դադարեցնելու վերաբերյալ ԱԺ նախաձեռնության հետ կապված ես չեմ կարող որևէ մեկնաբանություն տալ, քանի որ այդ ամենը կարող է դիտարկվել՝ որպես նախնական կարծիքի արտահայտում։ Եթե ասեմ, որ ԱԺ-ի բերած դրույթները հիմնավոր են կամ հիմնավոր չեն, դա կնշանակի՝ ես կաշկանդում եմ իմ կողմից գործի քննությանը մասնակցելը»,- այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց ՍԴ անդամ Ալվինա Գյուլումյանը՝ անդրադառնալով ՍԴ-ի հետ կապված ԱԺի նախաձեռնությանը։
Նա վստահեցրեց` առանց կասկածի՝ Սահմանադրական դատարանի կողմից կիրականացվի օբյեկտիվ քննություն։
Նա չպատասխանեց Հրայր Թովմասյանի գործունեության և օբյեկտիվության վերաբերյալ հարցին՝ ասելով. «Ես նախապես արդեն ասացի, որ այդ հարցերից որևէ մեկին չեմ պատրաստվում պատասխանել»։
Ինչ վերաբերում է ՍԴ անդամներին վաղաժամ թոշակի ուղարկելու նախաձեռնությանը, Ալվինա Գյուլումյանը նշեց, որ չի պատրաստվում վաղաժամ գնալ թոշակի։
«Ինձ ոչինչ չի կաշկանդում գործեր քննելու։ Կոռեկտ չեմ համարում ՍԴ անդամին հարցնել, թե նա ՍԴ-ում բարեփոխումների կարիք տեսնո՞ւմ է, թե՞ ոչ, մենք պաշտպանում ենք Սահմանադրությունը։ Չեմ համարում որ ՍԴ-ն քաղաքականացված մարմին է։ Չեմ կարծում, որ այն 10 հոգին, որ գալիս, կանգնում են ՍԴ-ի դիմաց, դրանք հասարակություն են»,- շեշտեց նա։
Անդրադառնալով Վահե Գրիգորյանի նիստերին չմասնակցելուն, Ալվինա Գյուլումյանը նշեց, որ նախկինում նման նախադեպեր չեն եղել, և առայժմ չի կարող ասել, թե դրա հետ կապված ինչ գործընթաց պետք է սկսվի։ Սակայն իրավական առումով ՍԴ-ի մասին օրենքի համապատասխան՝ որոշակի ժամանակաշրջանում որոշակի քանակությամբ նիստերի չմասնակցելը կարող է կարգապահական պատասխանատվության ենթարկել։
«Այս պահին անձամբ ես նման բան չեմ նախաձեռնի»,- հավելեց նա։
0Comments