Արցախի հարցի կարգավորման բանակցային գործընթացի նպատակը պետք է լինի Արցախի ժողովրդի ինքնորոշման ու անվտանգության համար մղված Արցախյան ազատամարտի արդյունքների պաշտպանությունն, երեկ Ստեփանակերտի Վերածննդի հրապարակում իր ելույթում նշեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը. «Բանակցությունների արդյունքում Հայաստանի և Արցախի կառավարությունների համար ընդունելի համարված որևէ լուծում կարող է ընդունելի լինել միայն Հայաստանում և Արցախում ժողովրդական հավանության դեպքում։
Հատկապես այս սկզբունքը կարևոր եմ համարում ընդգծել, ցույց տալու համար, որ անիմաստ է, ուղղակի անիմաստ է Հայաստանի գործող կառավարությանը կասկածել Արցախի դեմ որևէ հնարավոր դավադրության մեջ։ Դավադրությունը բացառված է հենց մեր կառավարության ծագումնաբանության բերումով։ Մենք Արցախի հարցի կարգավորման բանակցային սեղանի շուրջ հայտնվել ենք որպես ժողովրդի լեգիտիմ ներկայացուցիչ և, հետևաբար, այդ սեղանի շուրջ կարող ենք պաշտպանել միայն ժողովրդի ցանկություններն ու իղձերը», - ասաց Նիկոլ Փաշինյանն՝ ընդգծելով. «Սա մեզ յուրաքանչյուրս տալիս է այնպիսի մի երաշխիք, որով արմատախիլ պետք է արվի դավադրության որևէ՝ նույնիսկ ամենաանհավանական տեսություն»։
Առհասարակ, երեկ Ստեփանակերտում հղված ուղերձների առումով, Փաշինյանը կարելի է ասել մի խնդիր, որը բարդացնելու է հետագայում բանակցային գործընթացի շարունակման ապահովումը: Ստեփանակերտի Վերածննդի հրապարակում Փաշինյանն Արցախի ղեկավարության հետ մասնակցելով համահայկական հանրահավաքին՝ «Միացու՛մ» կարգախոսը հիշեցրեց, ապա արձանագրեց, որ՝ «Արցախը Հայաստան է»:
Պարզ է, որ այդ հանրահավաքի արդյունքում իր ելույթով նա նպատակ էր դրել ցրել բոլոր կասկածները իշխանության կողմից որևէ անհարկի զիջումների գնալու վերաբերյալ, որ այլևս որևէ մեկը չփորձի իր քայլերը դնել կասկածի տակ, նրան կասածի Ալիևի, կամ այլ ուժերի հետ դավադիր ծրագրեր մշակելու մեջ: Այս առումով, Փաշինյանն իր խնդիրը լուծեց:
Սակայն թե ինչ է սպասվում բանակցային գործընթացում և ինչ վիճակ կլինի սահմաններում, դրանով կարելի կլինի դատել, թե Ադրբեջանը, որը «վերելակային» բանակցությունների կողմնակից էր ու մեծ հույսեր էր կապել Փաշինյանի հետ, ինչ հետագա քայլերի է դիմելու:
hayeli.am
0Comments