Զուրաբիշվիլին կոչ է արել Ռուսաստանին չարձագանքել ծայրահեղականների սադրանքներին

Մեր խաղաղ քաղաքականությունը տարածաշրջանում խաղաղության կայունությունը պահպանելու միակ ճանապարհն է

Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին կոչ է արել Ռուսաստանի Դաշնությանը չարձագանքել վրաց ծայրահեղական ուժերի կողմից արվող սադրանքներին, գրում է ria.ru-ն:

«Կոչ եմ անում Ռուսաստանին չտրվել էսկալացիային: Պարադոքսալ կլինի, եթե հարևան երկիրը պատասխանի ծայրահեղականների սադրանքներին՝ դրանով իսկ նպաստելով նրանց կործանարար նպատակների իրագործմանը: Մեր խաղաղ քաղաքականությունը տարածաշրջանում խաղաղության կայունությունը պահպանելու միակ ճանապարհն է»,- հայտարարել է Զուրաբիշվիլին:

Վերջին շրջանում ռուս-վրացական հարաբերություններում սրացումներ են նկատվում. հունիսի 20-ին մայրաքաղաք Թբիլիսիում զանգվածային բողոքի ցույցեր էին սկսվել երկրի խորհրդարանում տեղի ունեցած միջադեպից հետո, երբ ՌԴ Պետդումայի պատգամավոր Սերգեյ Գավրիլովը ռուսերենով ելույթ էր ունեցել երկրի խորհրդարանի խոսնակի աթոռից: Նույն գիշերը ցուցարարները փորձել էին գրոհել խորհրդարանի շենքը, որից հետո նրանց նկատմամբ ռետինե փամփուշտներ և արցունքաբեր գազ էր կիրառվել, ինչի հետևանքով 240 մարդ տուժել էր: Բախումներից հետո 305 մարդ բերման էր ենթարկվել:  

Օրեր տևած բողոքի ցույցերից շատ չանցած՝ հուլիսի 7-ին, «Ռուսթավի 2» հեռուստաալիքի հաղորդավար Գեորգի Գաբունիան իր «P.S.» հեղինակային ծրագիրը սկսել էր ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հասցեին հայհոյանքներ տեղալով: 

ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտարարել է, որ հաղորդավարի ելույթը վրացական իշխանությունների թողտվության արդյունք է և ծայրահեղական բնույթ է կրում: Ռուսաստանի ԱԳՆ-ն նույնպես կատարվածը ծայրահեղական ուժերի կողմից հրահրված սադրանք է որակել: ՌԴ պետդումայի խոսնակ Վյաչեսլավ Վոլոդինը հայտարարել էր, որ հարկավոր է քրեական պատասխանատվության ենթարկել Վրաստանի ներկայացուցչին՝ պահանջելով, որ նա Ռուսաստան արտահանձնվի և կանգնի դատարանի առաջ: