Մեկ տարում Հայաստանում գրանցվել է բռնության 1090 դեպք. ոստիկանություն

Դուրյանն ավելացրել է, որ շարունակվում է աշխատանքը նաեւ միջազգային գործընկերների հետ, այդ թվում Գործողությունների պլանի շրջանակում

Հայաստանում մեկ տարում գրանցվել է բռնության 1090 դեպք։ Հատկանշական է, որ 100 դեպքերում բռնության սուբյեկտ են դարձել կանայք։ Այս մասին հուլիսի 3-ին «Հայաստանում ընտանեկան բռնության կանխման եւ պատժման մասին. Ստամբուլի կոնվենցիայի վավերացման աշխատանքի շարունակությունը» համատեղ ծրագրի մեկնարկի շրջանակում ունեցած ելույթում ասել է Հայաստանի ոստիկանության Քրեական հետախուզության գլխավոր վարչության անչափահասների իրավունքների պաշտպանության եւ ընտանեկան բռնության դեմ պայքարի վարչության պետ Նելլի Դուրյանը։

Նրա խոսքով՝ չնայած ընտանեկան բռնության կանխման ոլորտում առկա խնդրին, ոստիկանությունը շարունակում է համապատասխան աշխատանք իրականացնել ինչպես զոհերի, այնպես էլ իրավախախտների հետ։

Դուրյանն ավելացրել է, որ շարունակվում է աշխատանքը նաեւ միջազգային գործընկերների հետ, այդ թվում Գործողությունների պլանի շրջանակում, գրում է news.am:

«2018 թվականի հունիսից ծրագրի շրջանակում սկսվել են կադրերի վերապատրաստման աշխատանքները։ Կարեւոր է, որ կոնվենցիայում, որի մշակմանը մասնակցել եմ եւ ես, կան հոդվածներ, որոնք թույլ կտան ստեղծել ընտանեկան բռնության դեմ պայքարի համապատասխան մեխանիզմներ»,- ընդգծել է նա։

Նշենք, որ Երեւանում հուլիսի 3-ին Հայաստանի իշխանությունները եւ Եվրոպայի խորհուրդը տվել են «Հայաստանում ընտանեկան բռնության կանխման եւ պատժման մասին. Ստամբուլի կոնվենցիայի վավերացման աշխատանքի շարունակությունը» համատեղ ծրագրի մեկնարկը։