Բոլոր մեղադրանքներն անհիմն են

Իմ քայլի» պատգամավորի պարզաբանումը

 

«Բոլոր մեղադրանքներն անհիմն են». «Իմ քայլի» պատգամավորի պարզաբանումը

 

«Մամուլի հրապարակումներն աբսուրդի ժանրից են»,- այսպես պատասխանեց ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Տիգրան Կարապետյանը՝ անդրադառնալով իրենց հասցեագրվող տարբեր մեղադրանքներին՝ սկսած Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանից, երբ ինքը ԱԺ-ում ՀՀ գլխավոր դատախազին հարցրել է Սյունիքի մարզպետի կողմից իր իսկ մահափորձը բեմադրելու մեջ առաջ քաշված մեղադրանքի ընթացքի մասին:

Իր դեմ «մամուլի հարձակումները», պատգամավորի կարծիքով՝ որոշակի չափով կապ ունեն նաև կոռուպցիոն գործարքների մասին իր հարցադրումների հետ, որոնք ուղղվել են ՊՆ-ին և վերաբերել են որոշ զինվորական բարձրաստիճան պաշտոնյաների:

«Այդտեղ շոշափվում են նախկինում և ներկայում հայտնի շատ-շատ մարդկանց անուններ: Ինչ վերաբերում է Պաշտպանության նախարարությանը քննադատելուն՝ մենք՝ որպես  Պաշտպանության հանձնաժողովի անդամներ, մեր վերահսկողական գործիքակազմն ամբողջությամբ կիրառել ու կիրառելու ենք, որպեսզի ՊՆ-ում իսպառ բացառենք որևէ կոռուպցիոն երևույթ»,- հավելեց նա:

Տիգրան Կարապետյանը նշեց, որ որոշ ժամանակ առաջ նա երեք խնդիր էր բարձրաձայնել՝ դիմելով ՊՆ-ին:

Առաջին հարցը վերաբերել էր կանադական և ԱՄԷ համատեղ ընկերություն հանդիսացող «Սթրեյթ գրուպի» հետ կապված խնդրին, որը մեկ տարի փորձում էր ՀՀ-ում զրահամեքենաների արտադրություն կազմակերպել, և ինչ-որ մարդիկ խանգարում  էին։ Պատգամավորն ասաց, որ այդ հարցն այլևս լուծված է։

«Մի քանի օր առաջ սեփականատիրոջ հետ հանդիպեցի, և առանց մանրամասների՝ սեփականատերն ասաց, որ որևէ խնդիր այլևս չկա, աշխատանքները սկսված են, և կապված արտադրության թույլատվության հետ՝ խնդիրը լուծվել է, աշխատանքները սկսված են»,- ասաց նա։

Բացի այս, պատգամավորը նաև բարձրացրել էր «Օպտոէլեկտրիկ» գիտաարտադրական կոոպերատիվի հետ կապված խնդիրը, որը փորձում է զրահաթիթեղներ արտադրել, սակայն ևս հայտարարել էր, որ մարդիկ կան, որ խնդիրներ են ստեղծել.

«Զրահաթիթեղների արտադրության խնդիրը դեռևս լուծված չէ, պայմանագրում խնդիրներ կան, բայց հետևողական ենք լինելու: Վստահ եմ, որ հետևողական լինելու պարագայում այստեղ ևս մենք ունենալու ենք  հաջողություններ»։

Իսկ երրորդ հարցը, որ բարձրացրել էր Տիգրան Կարապետյանը, իր բնորոշմամբ՝ ամենացավոտն է. այն վերաբերում է սպաների բնակարաններին։

«Նախկին կոռուպցիոն սխեմաներով  բարձրաստիճան պաշտոնյաների ստացած բնակարանների չափերն են։ Այս մասով դեռևս համոզիչ պատասխաններ չենք ստացել և շարունակում ենք աշխատանքը։ Տեղյակ եք, որ կառավարության դիմաց  բողոքում էին այդ մարդիկ: Երևի այս շաբաթվա ընթացքում հանդիպում կունենանք կազմակերպող խմբի հետ և հասկանանք, թե որպես գործադիր՝ ի՞նչ անելիք ունենք»,- հավելեց պատգամավորը։

Հարցին՝ ինքը չունի՞ սեփական շահագրգռվածություն՝ հաշվի առնելով այն, որ նախկինում՝ ինքը, և հիմա՝ իր ընտանիքը զբաղվում են ռազմաարդյունաբերական բիզնես գործունեությամբ, Տիգրան Կարապետյանը պատասխանեց. «Անձնական շահերից կբխեր, եթե այն ընկերությունը, որի տասը տարվա տնօրենը եղել եմ ես, ստանար պետական պատվերներ կամ ընդլայներ իր գործունեությունը՝ ի հաշիվ այդ ամենի։ Մեր ընկերության մասնակցությունը մեր ռազմաարդյունաբերական համալիրում կարող եմ թվերով ասել: Մինչև իմ տնօրեն լինելը՝ 2018 թվականը,  ձեռնարկության ամբողջ ծավալը՝ ՊՆ-ի հետ համագործակցության, տարեկան կազմել է 2 մլն դրամ, եթե դա համարվում է լուրջ ծավալ, իսկ հիմա ավելի քիչ է»։