Հնարավոր չէ 30 աստիճան սկոլյոզ ունեցող անձն ունենա նման կեցվածք

Բժիշկ-նեյրովիրաբույժ, «Առողջ Հանրություն» ՀԿ նախագահ Մարինա Խաչատրյանն մամուլի ասուլիսի ժամանակ անդրադարձել է արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանի՝ ՀՀ զինված ուժերում չծառայելու փաստին

Բժիշկ-նեյրովիրաբույժ, «Առողջ Հանրություն» ՀԿ նախագահ Մարինա Խաչատրյանն այսօր հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ անդրադարձավ արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանի՝ ՀՀ զինված ուժերում չծառայելու փաստին։ Մարինա Խաչատրյանը հիշեցրեց, որ ինքը երեկ նամակ է հղելռազմական ոստիկանության պետին,ԱԱԾ պետին, պաշտպանության նախարարին, ահազանգել, որ Ռուստամ Բադասյանի՝ զինծառայությունից ազատվելը պարունակում է կոռուպցիոն ռիսկեր, ապա պահանջել  է ստեղծել հանձնաժողով, որը կուսումնասիրի նախարարի՝ զինծառայությունից ազատվելու հիմքերը։

Մարինա Խաչատրյանը նշեց, որ ակնկալում է պատասխան այդ պատկան մարմիններից: «Ես սպասում եմ, թե երբ է լինելու հանձնաժողովի ստեղծում և որպես մասնագետ ակնկալում եմ, որ ինձ էլ կներառեն այդ հանձնաժողովում»,-ասաց նա և որպես բժիշկ նշեց, որ 30 աստիճան սկոլյոզ ունեցող անձը (ինչի հիմքով, ըստ նրա, նախարարը ժամանակին ազատվել է զինծառայությունից – խմբ.) չի կարող ունենալ այնպիսի կեցվածք, ինչպիսին հիմա ունի Ռուստամ Բադասյանը:

Ըստ նրա՝ այդ հարցը միայն իրեն չի հուզում: «Մենք կարող ենք հասկանալ, որ լուրջ կոռուպցիոն մեխանիզմներ պետք է եղած լինեն, որ նա ազատվի բանակից»- ասաց նա և նշեց, որ պետք է հասնել նրան, որ Զինված ուժերում չծառայած որևէ բարձրաստիճան պաշտոնյա չունենանք: 

Մարինա Խաչատրյանը նշեց, որ ներկայումս տարբեր հիվանդություններ ունեցող չորս նախարար կա այս կառավարությունում, որոնցից երեքը տղամարդ են: Մասնավորապես, նա անդրադարձավ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանի առողջական վիճակին՝ նշելով, թե չնայած ներկայացվում է, որ ծառայության ընթացքում հիվանդությունը խորացել է, սակայն նա գնացել և արյան դոնոր է դարձել, ինչը համատեղելի չէ երիկամների հիվանդության հետ, որը, ըստ նրա, ունի Արսեն Թորոսյանը:

Մարինա Խաչատրյանը, ով Երևանի ավագանու նախկին անդամ է, նաև անդրադարձավ իշխանությունների խոստումներին։ Ըստ նրա՝ եթե երկրում տիրող վիճակը գնահատենք նրանով, թե ինչ են ներկայացնում լրատվամիջոցները, ապա ստացվում է, որ ապրում ենք երկրում, որտեղ ամեն ինչ չքնաղ է, մինչդեռ իրականությունն այլ է։

«Այն խոստումները, լոզունգները, որով տեղի ունեցավ իշխանափոխություն, ոչ մեկը մինչև այս փուլ չիրականացավ, չդարձավ ակտուալ: Նկատվում է, որ տրամադրությունը բացասական է, ունենք վարկանիշի բավականին անկում, այնքան որ երբ գյուղացիները ջրի հարցով բողոքում էին, կառավարությունից ոչ մեկ շնորհք չարեց դուրս գալ և լսել նրանց»,- ասաց նա և նշեց, որ ներկայումս կառավարության և հասարակության միջև անջրպետն առկա է նույնկերպ, ինչպես նախկին իշխանությունների ժամանակ էր:  

Ըստ Մարինա Խաչատրյանի՝ ներկայումս խաբեությունների մի մեծ շարք կա, որով իշխանությունները փորձում են իրավիճակը պահել հսկողության տակ: «Այս ժողովուրդը՝ նույնիսկ ամենացածր խավը, հիմար չէ, չի կարելի հիմարի տեղ դնել ժողովրդին: Ամեն մեկն իր ոլորտում սկսում է հիասթափվել, վառ ապացույցը Վենետիկի հանձնաժողովի փաստաթուղթն է»,- ասաց նա: 

Երևանի ավագանու նախկին անդամի գնահատմամբ՝ ներկայիս իշխանության կատարածն աբսուրդ է, քանի որ հայտարարում է մի բան, սակայն իրականացնում է այլ բան: «Իշխանությունը հայտարարել է, որ մենք կունենանք արդարություն, բայց ունենք քաղբանտարկյալներ: Այն, ինչ հայտարարվել էր, բացարձակապես սուտ էր, և մեր հանրությունը, որն էյֆորիայի մեջ էր, հիմա հասկանում է՝ ինչ է կատարվում և բռնում է արտագաղթի ճանապարհը: Այսօր հանրությանը բաժանել են երկու մասի, ագրեսիվ զանգվածը իշխանավորների կողմից է»,-ասաց նա: