Իրանը Սյունիքում ավիաբազա է ստեղծում․ Թուրք վերլուծաբան

Մանրամասներ

1

Թուրք վերլուծաբան Գյոքթուրք Թույսուզօղլուն հանդես է եկել տարածաշրջանայիբ վերջին զարգացումների վերաբերյալ հոդվածով, որտեղ պնդում է, թե ըստ որոշ տեղեկությունների՝ Հայաստանն Իրանին առաջարկ է արել Սյունիքում (Զանգեզուր) ավիաբազա հիմնել: Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։

Թույսուզօղլուն նաև անդրադարձել է այսպես կոչված «Զանգեզուրի միջանցքի» հարցին՝ շեշտելով, որ այն Լաչինի միջանցքին համարժեք պետք է կյանքի կոչվի, սակայն 2020 թվականի նոյեմբերի 10-ի համաձայնագրից հետո պաշտոնական Մոսկվան մինչ այժմ դրական քայլ չի կատարել այս ուղղությամբ և միայն այդ տարածքում ստեղծել է բազմաթիվ փոքր ռազմական անցակետեր՝ ադրբեջանական բանակի սահմանային հետախուզության գործունեությունը վերահսկելու նպատակով:

Ըստ թուրք վերլուծաբանի՝ միակ լուծումը, որը Նախիջևանը կազատի Իրանից ունեցած կախվածությունից բեռնափոխադրումների հարցում, «Զանգեզուրի միջանցքի» ծրագիրը իրականացնելն է:

Գյոքթուրք Թույսուզօղլուն հոդվածում եզրահանգում է նրան, որ նույնիսկ եթե այս բազան բացվի, այն կարող է օգտագործվել Ռուսաստանի թույլտվությամբ և վերահսկողությամբ: Այդպիսով հնարավոր կլինի ակտիվացնել Իրանի՝ Հայաստանին աջակցելու փորձը՝ միևնույն ժամանակ չխաթարելով Մոսկվայի դիրքերը:

«Հաշվի առնելով վերջերս Իրանի և Ադրբեջանի միջև սահմանային լարվածությունն ու ռազմական էսկալացիան ՝ կարելի է հասկանալ, որ Երևանը ցանկանում է օգտվել այս իրավիճակից: Իհարկե, այս գործընթացում պետք է հետեւել Ռուսաստանի հայտարարություններին»,- նշել է թուրք վերլուծաբանը: