40 տարով իշխանության գալու մասին Արման Եղոյանի հայտարարությունը լուրջ ռեզոնանս առաջացրեց` անգամ այն շրջանակների մոտ, ովքեր, նկատելով գործող իշխանությունների թերությունները, վերապահումներով մոտենալով և՛ ձեռքբերումների, և՛ սխալների նկատմամբ, ընդհանուր առմամբ, պաշտպանում են Հայաստանի նոր իշխանություններին։ Այսինքն՝ եթե բարիկադների այս կամ այն կողմում լինելու հարց առաջանա, աներկբա լինելու են Փաշինյանի և թիմի կողքին։ Ինչո՞ւ, որովհետև դեռ չեն մոռացել այն անhուսության զգացումը, որը ոչ վաղ անցյալում առաջանում էր ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովի հայտնի հայտարարությունից, որ մինչև 2022 թվականը բոլոր քաղաքական պրոցեսներն անցնելու են Մելիք-Ադամյան փողոցով։
Հաշվի առնելով, որ հիմա 2019 թվականի հուլիսն է, և պարոն Արման Եղոյանը, փաստորեն, մինչև 2059 թվականը քաղաքական դաշտում տեսնում է «Իմ քայլին»։
Ի՞նչ է մտածում վարչապետ Նիկոլ Փաշինյանն Արման Եղոյանի սույն՝ երկիրը դեպի հանրապետականացման տանող հայտարարության մասին։ Հարցը տվեցինք վարչապետի մամուլի խոսնակ Վլադիմիր Կարապետյանին, որը հայտնեց․ «Չեմ կարծում, որ գործադիրը, որն իշխանության առանձիին ճյուղ է, պետք է մեկնաբանի պատգամավորի խոսքը։ Բայց միևնույն ժամանակ ակնհայտ է մի բան, որ այս պահին իշխանությունը վայելում է ժողովրդի աջակցությունը։ Եվ իր ստացած քվեն իրագործելու է սահմանադրական ժամկետում»։
Հիշեցնենք, որ Ռոբերտ Քոչարյանի կողմնակիցները Եվրոպական խորհրդի նախագահ Դոնալդ Տուսկի հետ Երևանում զբոսնելու ընթացքում գոռում էին․ «Հերոս՝ Քոչարյան», «Ժողովրդի վարչապետը փախչում է ժողովրդից»։ Նիկոլ Փաշինյանին Պետական պահպանության ծառայության աշխատակիցները «մեջ-մեջ» արեցին ու քայլերն արագացնելով՝ հեռացան։ Հարցին, թե ինչու է ժողովրդի աջակցությունը վայելող քաղաքական ուժի ղեկավարը՝ երկրի վարչապետը, արագ-արագ հեռանում, Վլադիմիր Կարապետյանն արձագանքեց․ «Ոչ ոք արագ չի հեռացել։ Դա չի համապատասխանում իրականությանը, և Դուք վերարտադրում եք Քոչարյանի ու իր «թաքուբիր»՝ 3-4 աջակիցների կարծիքը»։
ՀԳ․ Նյութը պատրաստելուց հետո արդեն տեղեկացանք, որ Արման Եղոյանը հայտարարել է, թե չի պնդել, որ 40 տարով եկել են իշխանության։ Լավ է գոնե, որ երկու օր անց հերքել է, գրում է hraparak.am:
0Comments