ԱՄՆ ռազմական հետախուզության նախկին վերլուծաբան Չելսի Մենինգը երկու ամսվա բանտարկությունից հետո ազատվել է: Wikileaks-ի իրազեկիչը մեկուսարանում էր հայտնվել, քանի որ հրաժարվել էր ցուցմունք տալ կազմակերպության եւ դրա ղեկավար Ջուլիան Ասանժի դեմ գործով, փոխանցում է BBC-ն:
Մենինգն ազատվել է Վիրջինիա նահանգի Ալեքսադրիա քաղաքի մեկուսարանից: Նա այնտեղ անցկացրել է 62 օր, քանի որ հրաժարվել էր ցուցմունք տալ ԱՄՆ-ում Wikileaks-ի գործով մեծ ժյուրիին (երդվյալների ընդլայնված կոլեգիա): Ամերիկյան օրենքներով ցուցմունքներ տալուց հրաժարվելը գնահատվում է որպես դատարանի հանդեպ անհարգալից վերաբերմունք, որն, իր հերթին, սպառնում է բանտարկությամբ:
WIkileaks-ի իրազեկչի պարզաբանմամբ՝ ցուցմունքներ չի տա, քանի որ դեմ է դատավարության գաղտնիությանը եւ քննությանը: Նա, դրանից զատ, պնդում էր, որ դեռեւս ռազմական տրիբունալի ժամանակ իր գործով իրեն հայտնի ամեն ինչ պատմել է:
Մենինգի փաստաբանները հայտնել են, որ իրենց պաշտպանյալին ազատել են՝ կապված հինգշաբթի մեծ ժյուրիի լիազորությունների ժամկետի լրանալու հետ: Երկուշաբթի՝ մայիսի 6-ին, Մենինգը, որն այդ պահին վանդակաճաղերի հետեւում էր անցկացրել ուղիղ 2 ամիս, դատարանին խնդրել էր իրեն ազատել:
Դեռեւս մինչեւ ազատելը Մենինգի փաստաբանները դատարան ներկայանալու նոր ծանուցագիր էին ստացել, որի համաձայն նա մայիսի 16-ին պետք է կանգնի նոր մեծ ժյուրիի առաջ:
Ինքը՝ իրազեկիչը երկուշաբթի իր ազատվելու մասին միջնորդելով՝ հայտարարել էր, որ ոչ մի բան իրեն չի համոզի ցուցմունքներ տալ: «Նա համոզված է, որ մեծ ժյուրիի հետ համագործակցությունը կնշանակի իր համոզմունքներին դավաճանություն,- նշված է նրա փաստաբանների հայտարարության մեջ: - Նա պատրաստ է իր համոզմունքների հետեւանքներին, եւ ոչ մեկին չպետք է զարմացնի նրա համարձակությունը»:
ԱՄՆ-ում Wikileaks-ի գործի քննությունը շարունակվում է արդեն մի քանի տարի: Նախագծի հիմնադիր Ջուլիան Ասանժը ապաստան էր ստացել եւ Լոնդոնում Էկվադորի դեսպանատանն էր թաքնվում 2012 թվականի օգոստոսից մինչեւ 2019 թվականի ապրիլ, երբ նրան մերժեցին դեսպանատան տարածքում հետագա կեցությունը: Հիմա Լոնդոնում դատարանը քննում է նրա արտահանձնման մասին գործը:
ԱՄՆ-ում նրան մեղադրում են պետական համակարգչային համակարգը կոտրելու նպատակով համաձայնության մեջ: Քննության վարկածով՝ Ասանժը 2010 թվականին ղեկավարել է Մենինգի գործողությունները, որպեսզի իրազեկչից ստանա ավելի քան 725 հազար գաղտնի փաստաթղթեր: Ավելի ուշ դրանք հրապարակել է Wikileaks-ը:
Ասանժը 2016 թվականին ասում էր, որ պատրաստ է հանձնվել ամերիկյան իշխանություններին, եթե ներեն իր իրազեկչին: Մենինգին ներել էին, բայց Ասանժը չէր հանձնվել:
0Comments