Մադուրոն կարգադրել է ջուր պահեստավորել ամբողջ երկրում

Սա անհրաժեշտ է անել ինտենսիվ պայքարի այս փուլում

Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոն կարգադրել է երկրի ամբողջ տարածքում ջրի հավաքման կետեր ստեղծել՝ հոսանքազրկման նոր փորձի դեպքում, որը, նրա կարծիքով, արտաքին հարձակումների հետևանք է, բնակչությանը պահեստային տարբերակով ապահովելու համար: Այս մասին հայտնում է «РИА Новости»-ն:

«Պնդում եմ, որ Վենեսուելայի բնակչությունը կենսական նշանակության կարևոր համակարգերի վրա իմպերիալիստական հարձակումների դեմ պայքարի այս փուլում ջրի խնայողությամբ զբաղվի և պաշարներ կուտակի: Հարկավոր է ստեղծել կետեր՝ հարձակումների ժամանակ պահեստային տարբերակներն օգտագործելու համար»,- ասել է նախագահը:

Մադուրոն բնակչությանը կոչ է արել հնարավոր բոլոր տարբերակներով ջրային պաշարներ կուտակել, իսկ ջրի ցիստեռնների ու բաքերի արտադրությամբ զբաղվող գործարանին հրահանգել է մեծացնել արտադրության ծավալները:

«Հարկավոր է անհապաղ արտադրել հազարավոր ջրի բաքեր, հարկավոր է Վենեսուելան լցնել դրանցով: Սա անհրաժեշտ է անել ինտենսիվ պայքարի այս փուլում»,- ասել է Մադուրոն և հավելել, որ էլեկտրաէներգիայի մատակարարման օբյեկտները, որոնցից կախված է ջրամատակարարումը, ամեն օր ենթարկվում են հարձակման, սակայն իրենք հետևողական աշխատանքների արդյունքում փորձում են կանխել վտանգը:

Վենեսուելայի ջրամատակարարման նախարար Էվելին Վասկեսը, իր հերթին, հայտարարել է, որ երկրի պոմպակայանների աշխատանքը գրեթե լիովին վերականգնվել է, սակայն ջրամատակարարումը դեռևս հասանելի չէ բոլոր շրջաններում:

«Շարժվում ենք առաջ, բնակչությանը կոչ ենք անում հանգստություն պահպանել: Առաջին հերթին փորձում ենք վերականգնել աղքատ շրջանների ջրամատակարարումը, հետո տեղափոխվում ենք այն շրջանները, որտեղ ապրում է միջին դասը, վերջում կանցնենք հարուստ թաղամասերին: Ջրամատակարարումը կվերականգնենք 60 տոկոսով»,- ասել է Վասկեսը: