Մայիսի 15-ին Հայաստանում տեղի կունենա զարկերակային ճնշման վաղ հայտնաբերման ծավալուն ակցիա։ Ինչպես լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշեց սրտաբան Պարունակ Զելվեյանը, հիպերտոնիան սրտանոթային շատ հիվանդությունների եւ դրանցից մահվան ռիսկի գործոն է պարունակում, եւ դրա ժամանակին հայտնաբերումը հնարավորություն կտա ժամանակին սկսել բուժումը եւ խուսափել վտանգավոր հետեւանքներից։
Ակցիայի շրջանակում, որն անցկացվում է «Պարզ չափումը կփրկի կյանքեր» կարգախոսով, Երեւանի տարբեր բազմամարդ վայրերում եւ այլ քաղաքներում երիտասարդ բժիշկները եւ օրդինատորները կչափեն անցորդների ճնշումը եւ կհավաքեն տեղեկություններ ռիսկի գործոնի առկայության մասին՝ կապված սրտանոթային հիվանդությունների առաջացման հետ։
Ռիսկի գործոնների մասին հարցերին պատասխանել կարելի է նաեւ առցանց՝ sirt.am կայքում, եւ այստեղ էլ կարելի է մտցնել տվյալներ ճնշման ինքնուրույն չափման մասին։
Այս ամենը, ինչպես նշեց Պարունակ Զելվեյանը, կարվի անանուն։ Եթե մարդու ճնշումը բարձր է, նրան խորհուրդ կտրվի դիմել մասնագետի, որը կարող է օգնել խնդիրը վերահսկել։
Սրտաբանն ընդգծել է, որ շատ կարեւոր է, որպեսզի հիպերտոնիայի բուժմամբ զբաղվեն հենց մասնագետները. այսօր կան բազմաթիվ դեղամիջոցներ հիպերտոնիայի դեմ, եւ միայն փորձառու բժիշկն է կարող ընտրել այն, որը հարկավոր է։ Որոշ պացիենտներ, տեսնելով, որ այս կամ այն դեղամիջոցը հարմար է իրենց, սկսում են այն խորհուրդ տալ բոլորին, բայց եթե մի դեղը կարողանար օգնել բոլորին, մյուս դեղերը չէին արտադրվի, նշել է մասնագետը։
Այս ակցիայի նպատակը, ինչպես նշել է Պարունակ Զելվեյանը, հիպերտոնիան ժամանակին հայտնաբերելն է, որպեսզի մարդիկ հնարավորություն ունենան սկսել դրա բուժումը՝ խուսափելով այնպիսի խնդիրներից, ինչպիսին են սրտի եւ ուղեղի կաթվածները։
0Comments