Թուլսի Գաբարդն աշխատանքից ազատել է ԱՄՆ հետախուզության աշխատակիցներին

Մանրամասներ
Թուլսի Գաբարդ

ԱՄՆ ազգային հետախուզության տնօրեն Թուլսի Գաբարդը հայտարարել է, որ գաղտնի տվյալների հասանելիությունից զրկվել և աշխատանքից հեռացվել են հետախուզական գործակալությունների այն աշխատակիցները, որոնք անպարկեշտ առցանց զրույցների են մասնակցել Անվտանգության ազգային գործակալության (NSA) ներքին հարթակում: Տեղեկությունը հայտնում է «Fox News» հեռուստաալիքը։

Հեռուստաալիքի տվյալներով՝ հետաքննություն է սկսվել առցանց զրույցների մասին տվյալների արտահոսքից հետո. աշխատակիցները քննարկել են վիրաբուժական սեռափոխության, արհեստական սեռական օրգանների, հորմոնալ թերապիայի, պոլիամորիայի և դերանունների օգտագործման հետ կապված թեմաներ: Ըստ «Manhattan Institute»-ի` այդ զրույցներին մասնակցել են ԱՄՆ ռազմական հետախուզության գործակալության (DIA), ԱՄՆ ռազմածովային ուժերի և NSA-ի աշխատակիցներ:

Նամակագրության հրապարակումից հետո NSA-ն հայտարարել է, որ ակտիվ հետաքննում է հնարավոր չարաշահումները: Գաբարդը հեռուստաալիքին տված հարցազրույցում նշել է, որ հետաքննությունը նոր է սկսվում և ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմի՝ հետախուզական հանրության նկատմամբ վստահությունը վերականգնելուն ուղղված ավելի լայն քաղաքականության մաս է կազմում:

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Ազգային հետախուզության տնօրենի պաշտոնի համար Գաբարդին առաջարկել էր 2024 թվականի նոյեմբերին։

Փետրվարի 4-ին ԱՄՆ Սենատի պրոֆիլային կոմիտեն խորհուրդ էր տվել Գաբարդին հաստատել որպես Միացյալ Նահանգների Ազգային հետախուզության ղեկավար: Նախագահ Դոնալդ Թրամփի առաջարկած թեկնածությանը կողմ էր քվեարկել հանձնաժողովի 9 անդամ, դեմ` 8-ը։