Այս ամենն արվել է դեռևս ամիսներ առաջ՝ առանց կառավարությանը մարդատեղ դնելու

«ԿամԱԶ» ընկերության հետ պայմանագիրը կնքվել է դեռևս ամիսներ առաջ՝ առանց մրցույթ հայտարարելու. Թեհմինա Վարդանյան

 

Երևանի քաղաքապետարանի ձեռքբերած 5 աղբատար ԿամԱԶ-ները արդեն Հայաստանում են: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է Երևանի քաղաքապետի մամուլի քարտուղար Հակոբ Կարապետյանը:

«Մի քանի օրից արդեն դրանք գործի մեջ կլինեն»,-հավելել է նա:

Իր հերթին, Երևանի ավագանու «Լույս» խմբակցության պատգամավոր Թեհմինա Վարդանյանն, անդրադառնալով այս լուրին, գրառում է արել՝ վերնագրելով. ««ԿամԱզ»-ների առասպելը, քաղաքապետարանի հեքիաթն ու կուլիսային պայմանավորվածությունները»: Գրառման մեջ, մասնավորապես, ասված է.

«Ֆավորիտ մեքենաները տեղ հասան։ 
Այո՛, եթե կար նույնիսկ 0.01% կասկած, որ «ԿամԱԶ» ընկերության հետ վաղուց ձեռք է բերվել պայմանավորվածություն, այսօր դա էլ փարատվեց։ Այս ամենն արվել է դեռևս ամիսներ առաջ՝ առանց մրցույթ հայտարարելու, առանց կառավարությանը մարդատեղ դնելու, օրենք շրջանցելով ու կյանքի գնով։

Որևէ մեկի մոտ մնացի՞ն կասկածներ։ Չկա՞ այստեղ կոռուպցիոն ռիսկ։

Ի դեպ, պայմանագիրը կնքվել է ապրիլի 26-ին։ Այսինքն, ներողություն արտահայտությանս, «հորս արև» կամ «քաղաքապետի խոստում եմ տալիս» բանաձևն է գործել, և մեքենաները վաղուց սահմանին են եղել»։

Հիշեցնենք, որ ավելի վաղ նույն խմբակցության ղեկավար Դավիթ Խաժակյանը հայտնել էր, որ ռուսաստանյան «ԿամԱԶ» ընկերությունից 9 մեքենաները ձեռք են բերվել առանց մրցույթի՝ մեկ անձից գնման ընթացակարգով։ «Մեկ անձից գնման ընթացակարգը ևս տեղի է ունեցել խախտումներով, սակայն այս պահին առաջնային հանգամանքն այն է, որ 9 մեքենաների 414․000․000 դրամի՝ առանց մրցույթի գնումը անընդունելի է և սկսել է կրել պարբերական բնույթ»,-գրել էր նա: