Սոցիալական քաղաքականությունը, որ դեռևս առանց հստակ ռազմավարության իրականացնում է իշխանության եկած ուժը, օրեցօր բազմաթիվ նոր հարցեր է ծնում: Օրինակ՝ երկրում 2018-ից մեկնարկած ու նոր տարում արձանագրվող գնաճը կոմպենսացնելու, հատկապես պակաս վճարունակ խավին առավել անմխիթար վիճակում չդնելու ուղղությամբ ի՞նչ միջոցառումներ են պատրաստվում ձեռնարկել 2019-ին. բարձրացվելու՞ են կենսաթոշակները կամ աշխատավարձերը, որևէ մեխանիզմով զսպվելու՞ է գնաճի հաղթարշավը, հստակություն չկա: Ունենք այն, ինչ ֆիքսված է այս տարվա՝ վարչապետ Փաշինյանի կողմից «իներցիոն» որակված բյուջեում, որտեղ, ի դեպ, բազմաթիվ տնտեսական մարտահրավերներին դիմակայելու գործուն մեխանիզմների ու պետական գործիքակազմի մասին ոչ մի հոդաբաշխ մեկնաբանություն ներառված չէ:
Առաջին հայացքից խորհրդավորության շղարշի տակ ընթացող կառավարություն-«Գազպրոմ Արմենիա» բանակցությունների մասին ևս հանրությանը տրամադրվող տեղեկատվությունը սուղ է, ու հարցերը փարատվելու փոխարեն, բազմաթիվ տրամաբանական նոր հարցադրումներ են ծագում՝ իրավիճակի՝ անգամ հպանցիկ վերլուծության արդյունքում:
Այսպես, ովքեր ուսումնասիրել են գազի սպառման կառուցվածքը մեր երկրում, տեղյակ են, որ, օրինակ, 2015թ. տվյալներով՝ ներմուծված գազի 11 տոկոսն օգտագործվել է էլեկտրաէներգիայի արտադրության մեջ, 13 տոկոսը սպառել է արդյունաբերությունը, 32 տոկոսը իրացվել է ավտոգազալցակայանների կողմից, իսկ 44 տոկոսի սպառողը տնային տնտեսություններն են եղել: Այսինքն՝ միայն հայտարարել, թե գազի թանկացումը բնակչությունը «չի զգալու» իր վրա, նշանակում է առնվազն մոլորության մեջ գցել մարդկանց, ովքեր հավատով են վերաբերվում իրենց ընտրած իշխանությանն ու նրա բոլոր հավաստիացումներին:
Մինչդեռ առողջ դատողությունը հարցեր է ծնում, որոնց պատասխանը ստանալու հարցում, սակայն, դեռևս անորոշություն է: Մասնավորապես, ինչպե՞ս կարող է քաղաքացին չզգալ գազի սակագնի բարձրացումը, եթե այսպիսի բաշխման կառուցվածքն ինքնին մատնացույց է անում, որ այդ թանկացումը տարածվելու է ոչ միայն տարրական սպառման, այսինքն՝ տնային տնտեսությունների վրա, այլ ամբողջ տնտեսության՝ բերելով շղթայական գործընթացների: Բացատրենք. խոսքը տնտեսության վրա անմիջական բացասական ազդեցությունների ու գնաճին նոր թափ հաղորդելու հնարավորությունների մասին է:
Եթե գազի սակագինը մնալու է նույնը այն ձեռնարկությունների ու ջերմոցային տնտեսությունների համար, որոնք գազը ստանում են 100 դրամով, ինչպես նաև սոցիալապես անապահովների համար, որոնք գազը ստանում են 80 դրամով, և տարբերությունն, ի դեպ, վճարում է «Գազպրոմ Արմենիան», ապա տրամաբանական հարց է ծագում՝ ի՞նչ աղբյուրից է փոխհատուցվելու այդ տարբերությունը։ Վարչապետն այդ մասին լռում է։ Պարզ չէ՝ «Գազպրոմ Արմենիան» իր վրա՞ է վերցնելու այդ ծախսերը, ինչը, կարծում ենք, քիչ հավանական է, հետևաբար, ստացվում է, որ պետական բյուջեի հաշվին պետք է լրացվի բացը։ Այդ դեպքում բոլոր հարկատուներս ենք վճարելու թանկացման համար, և ուրեմն՝ ինչպե՞ս պետք է հասկանալ Փաշինյանի վստահեցումը, որ գազի սակագինը սպառողների համար մնացել է նույնը։
Իսկ եթե ձեռնարկություններին և ջերմոցային տնտեսություններին մատակարարվող գազն, այնուամենայնիվ թանկանա, ապա նրանց կողմից թողարկվող հայկական արդյունաբերական և գյուղատնտեսական ապրանքները ևս կթանկանան։ Այսինքն՝ ականատես ենք լինելու շղթայական թանկացումների նոր փուլին: Պատրա՞ստ է սոցիալական սուղ վիճակում գտնվող քաղաքացին այդ վճարումներին, պատրա՞ստ է հայ արտադրողը թանկացած ու անմրցունակ դարձած արտադրանքն արտաքին շուկայում իրացնելու մարտահրավերներին:
Մեկ այլ ռիսկ էլ է պարունակում այս ամենը. չկա հստակություն՝ ջերմաէլեկտրակայաններին տրամադրվող գազի սակագինը պահպանվելու՞ է, եթե այո, ապա ո՞վ է փոխհատուցողը, իսկ եթե բարձրանալու է, ապա պետք է բոլորս պատրաստ լինենք նաև էլեկտրաէներգիայի թանկացմանը, քանի որ երկրում արտադրվող էլեկտրաէներգիայի մոտ 40 տոկոսը ստացվում է ՋԷԿ-երից, եթե նրանց տրամադրվող գազի սակագինը բարձրանա, ապա, բնական է, որ արտադրվող հոսանքի գինը ևս պետք է բարձրանա։ Եվ եթե նկատի ունենանք, որ ՋԷԿ-երն արտադրում են ամբողջ էլեկտրաէներգիայի 40 տոկոսը, ապա այդ թանկացումն էական կլինի։
Ի՞նչ ունենք արդյունքում. Ռուսաստանի հետ բարձր մակարդակի աննախադեպ «փայլուն» հարաբերությունների մասին հավաստող Նիկոլ Փաշինյանի իշխանության համար Կրեմլը թանկացնում է գազի սակագինը, որն այս պահին երկրորդ ամենաբարձր գինն է՝ Ուկրաինայից հետո։ «Գազպրոմ Արմենիան» ամենայն հավանականությամբ հրաժարվում է նվազեցնել գազի սակագինը՝ մարժայի և ընկերության ծախսերի նվազեցման հաշվին՝ պնդելով, որ նման հնարավորություն իրականում չկա։
Վարչապետ Փաշինյանը հայտարարում է, որ սակագնի բարձրացումն իր վրա չի զգալու Հայաստանի սպառողը, քանի որ դա պետական բյուջեի միջոցների հաշվին չի արվելու, այսինքն՝ «Գազպրոմ Արմենիայի» հաշվին է արվելու, ինչը հանգեցնելու է ընկերության շահույթի նվազեցմանը, որպես հետևանք՝ համպատասխանաբար նվազելու են նաև ընկերության կողմից պետությանը վճարվող հարկերը։
Իսկ ի՞նչ կարող է անել վարչապետ Փաշինյանը, եթե, այնուամենայնիվ, «Գազպրոմ Արմենիան», հիմք ընդունելով 15 դոլար մեծածախ գնի թանկացումը, դիմի Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողով՝ սակագնի բարձրացման առաջարկով։ Պետք է հարկադրված գնի բարձրացված մասի սուբսիդավորումն իրականացնի պետական բյուջեի՞ց:
Իսկ քաղաքացիներին Ամանորին տրված խոստու՞մը: Չէ՞ որ չմոռանանք՝ «Գազպրոմ Արմենիան» ռուսական «Գազպրոմի» դուստր ձեռնարկությունն է, որի 100 տոկոս բաժնետոմսերը պատկանում են ռուսական կողմին։ Հետևաբար այս ընկերությունը հաշվետու է ոչ թե Հայաստանի կառավարությանը, այլ՝ ռուսական «Գազպրոմին»։
Մինչդեռ Հայաստանի վարչապետը պնդում է, թե ռուսական ընկերությունը սեփական ծախսերի օպտիմալացման հաշվին պետք է փոխհատուցի թանկացումը, որպեսզի սպառողների համար գինը չփոխվի։
Ստացվում է, որ Հայաստանի քաղաքացուն հերթական անգամ փաստի առաջ են կանգնեցրել՝ միայնակ թողնելով անհեռատես արտաքին քաղաքականության հետևանքով ծագած մարտահրավերներին դեմ հանդիման:
0Comments