Վիտալի Բալասանյանը մանրամասներ է հրապարակել

2016թ.-ի ադրբեջանական գործողությունների պլանը

Մինչև 2016 թ.-ի ապրիլյան ռազմագործողություններն Ադրբեջանի զինուժը սահմանին պարբերաբար կազմակերպել է դիվերսիոն-հարձակողական գործողություններ՝ ընդհուպ մինչև ուսումնավարժական թռիչք իրականացնող մեր ուղղաթիռի խոցումը, որ տեղի ունեցավ 2014 թ․ նոյեմբերին։

Ինչպե՞ս կարելի է մի քանի կորպուսի, բրիգադների, հատուկջոկատայինների և վերջապես գրեթե բոլոր զինատեսակների օգտագործմամբ իրականացված լայնամասշտաբ և լայնածավալ թշնամական գործողություններն անվանել «դիվերսիա»։

Այս մասին «Արցախպրես»-ի թղթակցի հետ զրույցում ասել է Արցախի Հանրապետության Անվտանգության խորհրդի քարտուղար, Արցախի հերոս Վիտալի Բալասանյանը՝ հակադարձելով այն պնդումներին, որ 2016թ. ապրիլին Ադրբեջանը ոչ թե պատերազմ, այլ դիվերսիա է նախաձեռնել:

«Ադրբեջանի Հանրապետության նախագահի հանձնարարությամբ ստեղծվել էր երկու պայմանական խումբ՝ ռազմական և տեղեկատվական, լայնամասշտաբ մարտական գործողություններ սկսելու համար: Տեղեկատվական բլոկն ակտիվ գրոհի անցավ՝ սկսած 2015թ․ սեպտեմբերից: Նախ՝ Սարսանգի ջրամբարի վերաբերյալ զեկույցի նախագիծը մտցրին ԵԽԽՎ և հաջողությամբ անցկացրին՝ դրանով իսկ փորձելով լեգիտիմացնել հետագա ռազմական գործողություններով այն գրավելու ծրագիրը։ Այնուհետև սահմանային իրավիճակի վերաբերյալ ինտենսիվ ապատեղեկատվության տարածումը նպատակ ուներ հող նախապատրաստելու ռազմական ագրեսիայի համար։ Իսկ արդեն 2016թ․ սկզբին Ադրբեջանը հրետանային և հրթիռային կրակակետերն սկսեց ակտիվ կերպով մոտեցնել առաջնագծին:

Հիմա անդրադառնամ 2016թ․ ապրիլին թշնամու գործողությունների բուն պլանին, որ մեզ հայտնի է դարձել ինչպես մի շարք փաստաթղթերի գաղտնազերծումից, այնպես էլ այլ աղբյուրներից: Հարավային թևում թշնամու զորամիավորումները նպատակ ունեին սրընթաց գրոհով հասնել մինչ Կովսական՝ գրավելով Արցախի ամբողջ հարավային թևը, հյուսիսային կողմում առաջին փուլով կամ մինչև ապրիլի 4-ը նրանք պետք է վերահսկողություն սահմանեին Մատաղիսի ջրամբարի վրա: Ըստ նրանց հրամանատարության կանխատեսումների՝ դա պետք է ջլատեր Պաշտպանության բանակի կենտրոնական ուղղությունը, և մեր զորքերը պետք է շարժվեին հարավային և հյուսիսային ուղղությամբ: Իրենք էլ տանկային միավորներով պետք է ճեղքեին կենտրոնական ուղղությունը և վերահսկողություն սահմանեին Ակնա քաղաքի և շրջակա բնակավայրերի ու Ուղտասարի (Շելլի) բարձունքի վրա: Իսկ ապրիլի 5-ին Ակնայի մզկիթի մոտ պետք է տեղի ունենար Իլհամ Ալիևի կողմից պարգևատրման հանդիսավոր արարողություն: Որպեսզի մեր ընթերցողների համար ավելի պատկերավոր լինի, հրապարակեմ մի թիվ, որը մեզ հայտնի է դարձել մինչև 20 կիլոմետր խորությամբ դիտարկում իրականացնող մեր մի քանի տեսադիտարկման սարքերի միջոցով։

Այսպես՝ Ակնայի ուղղությամբ հակառակորդի կողմից մասնակցում էր շուրջ 229 տանկ և զրահատեխնիկա: Այդ շարժը կասեցնելու համար մեր կողմից որոշում է կայացվել, որ 15-17 կմ խորությամբ խոցում իրականացնենք, և մեր հրետանին գերազանց կերպով այդ խնդիրը կատարել է՝ կասեցնելով երկու օր անընդմեջ հակառակորդի առաջխաղացման փորձերը: Հստակ տեղեկություն ունենք նաև, որ մեր հրետակոծության արդյունքում սպանվել է թշնամու բրիգադի հրամանատարը:

Ու ինչպես արդեն նշեցի, հակառակորդը գործի էր դրել իր սպառազինության գրեթե ողջ արսենալը: Օգտագործել են անօդաչու թռչող բոլոր սարքերը՝ թե՛ հետախուզական, թե՛ հարվածային, օգտագործել են «Սպայկ» տեսակի հակատանկային կառավարվող հրթիռային միջոցներ, տարբեր տրամաչափի հրետանի, «Սմերչներ»: Սակայն հանդիպելով հայկական կողմի ուժեղ դիմադրությանը և վախենալով հետագա զարգացումներից (հաշվի առնելով, որ ՊԲ արդեն հարձակման գործողությունների էր պատրաստվում)՝ ապրիլի 4-ին Բաքվի իշխանությունները խնդրել են Մոսկվայի միջնորդությունը, որ ակտիվ ռազմական գործողությունների ընթացքը դադարեցվի:

Սա փաստ է, և կրկնում եմ, որ ինչ-որ մեկի կողմից սա դիվերսիա որակելը նշանակում է չտիրապետել իրավիճակին»,- ասել է Վիտալի Բալասանյանը:

Անդրադառնալով այն վարկածին, թե զոհվածների և վիրավորների դատաբժշկական փորձաքննությունները ցույց են տալիս, որ մեր զինվորների մեծ մասը դիվերսիոն գործողությունների արդյունքում են զոհվել՝ Վիտալի Բալասանյանը կտրուկ հերքել է՝ նշելով, որ վիրավորների 88% ունեցել է բեկորային, 5.5%՝ հրազենագնդակային, 1.5%՝ ականապայթյունային, իսկ 5%՝ միացյալ նյարդահոգեկան խանգարումներ: Բուժումներից հետո նրանց 46% վերադարձել է ծառայության: «Ինչ վերաբերում է զոհված զինծառայողների դատաբժշկական արդյունքներին, նշեմ, որ ունեցել ենք 106 զոհ, որից 67-ը՝ մարտական գործողությունների ընթացքում: Նրանց մահվան պատճառների 85% եղել է բեկորային, մոտ 5%՝ ականապայթունային, իսկ մնացածը՝ հրազենային վնասվածքներից»,- հավելել է Արցախի հերոսը:

«Սա է իրողությունը, ու թող ոչ ոք չփորձի մարդկանց թյուրիմացության մեջ գցելով ինչ-որ դիվիդենդներ շահել: Դա ոչ միայն ճիշտ չէ, այլև բարոյական չէ»,- ընդգծել է գեներալ Վիտալի Բալասանյանը:

Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում։