Տղամարդը պիկապով մխրճվել է առևտրի կենտրոն և վրաերթի ենթարկել մարդկանց, նրան գնդակահարել են

Մանրամասներ
4

ԱՄՆ Տեխաս նահանգի առևտրի կենտրոններից մեկում շաբաթ օրը մի քանի մարդու վրաերթի ենթարկած տղամարդուն գնդակահարել է ոստիկանությունը, հայտնում է NBC News-ը։

Տղամարդը մխրճվել է Քիլին քաղաքի Killeen Mall-ի JC Penney խանութի ցուցփեղկին, ջարդել ապակե դռները և շարունակել շարժվել իր սև պիկապով ևս  մոտ 100 յարդ՝ «վրաերթի ենթարկելով մի քանի մարդկանց», մամուլի ասուլիսում  հայտնել է Տեխասի Հասարակական անվտանգության վարչության պետ Բրայան Վաշկոն։

Այնուհետև ոստիկանները կրակ են բացել և մահացու վիրավորել կասկածյալին: Վաշկոն տեղեկացրել է, որ այլևս վտանգ չկա հասարակության համար, և որ Տեխասի ռեյնջերները հետաքննում են ոստիկանների հրաձգության փաստը:

Չորս մարդ տարբեր ծանրության վնասվածքներով տեղափոխվել են տեղի հիվանդանոցներ, ասել է Վաշկոն: Նա հավելել է, որ միջադեպի հետևանքով ևս մեկ մարդ թեթև վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց։ Կասկածյալից բացի այլ մահվան դեպքերի մասին տեղեկություններ չկան: Վաշկոն նշել է, որ տուժածների տարիքը տատանվում է վեցից մինչև 75 տարեկան:

Նա ընդգծել է, որ առևտրի կենտրոնում ակտիվ կրակող չի եղել, ինչպես ի սկզբանե հաղորդվել և տարածվել էր սոցիալական ցանցերում։ Քիլինի ոստիկանությունը շաբաթ օրն ավելի վաղ Facebook-ում նույնպես հերքել էր այդ լուրերը: