Լոռիում, մասնավորապես, Ալավերդիում ջրհեղեղից տուժած քաղաքացիների 80 տոկոսից ավելիի փոխհատուցումները փոխանցված են: Այս մասին այսօր՝ դեկտեմբերի 19-ին, կառավարության նիստին հայտարարեց Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը և նշեց, որ պլանավորում են մինչև տարեվերջ ավարտել։
Մյուսների դեպքում նա օրինակ բերեց, որ քաղաքացիները հաճախ ոչ թե հաշվեհամարն են ուղարկում, այլ՝ բանկային քարտի համար, որը բյուրոկրատական խնդիրներ է առաջացնում։
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հետաքրքրվեց, իսկ հնարավո՞ր չէ քարտին ուղարկել, որովհետև որոշել են փողը մարդուն տալ՝ ի՞նչ կարևոր է ինչ եղանակով։
Ի պատասխան՝ ԿԲ նախագահ Մարտին Գալստյանն ասաց, թե հնարավոր է, բայց պետք է մեկ քայլ ավելի արվի։
«Որոշումներ կայացնելիս, չեմ հասկանում էլի, ի՞նչն է մեզ տենց առաջնորդում։ Չէ՞ որ պետք է հաշվեհամար տալ։ Հաշվեհամարը չեղավ, չենք տա։ Գնա, դիմում գրի, հերթ կանգնի, պտտվի, արի Երևան, հետ գնա Ալավերդի, ճանապարհին մի հատ էլ Սևանի միասնական սոցիալական ծառայություն մտի, Իջևանում՝ զինկոմիսարիատ, Բերդում՝ ոստիկանության բաժին, Նոյեմբերյանում՝ դատախազություն․․․
Չեմ հասկանում՝ ինչո՞ւ ենք այս որոշումները սենց կայացնում։ Ոնց որ մարդկանց ներվայնացնենք անընդհատ և, ինչպես տեսնում եք՝ ոչ միայն մարդկանց»,-ասաց նա։
Պապոյանը նշեց, որ սովորաբար քարտից քարտ փոխանցումներն ավելի թանկ արժեն, քան հաշվեհամարից հաշվեհամարին։
Սրան Փաշինյանն արձագանքեց. «Միլիարդներ ենք ծախսում, բայց ասում ենք՝ էտ 400 դրամը պետք է խնայենք, խելագարվելու բան ա։ Լրիվ սյուրռեալիստական ֆիլմի սյուժե է։ Կաֆկայի «Դղյակն» է, լրիվ գրել է մարդը, դրել մեր սեղանին, ոնց որ առավոտ գանք, կարդանք, թե ինչ պետք է անենք այդ օրը, ոնց պետք է գործենք»,-ասաց նա։
0Comments