Ադրբեջանի կորպուսը ծուղակի մեջ է. Նիկոլ Փաշինյան

Ղարաբաղցի զորահրամանատարների մտահղացումն իրագործվել է․ ՀՀ վարչապետ

Ես եղա Ստեփանակերտում՝ Լեռնային Ղարաբաղի մայրաքաղաքում։ Ստեփանակերտը գործնականում շուրջօրյա գտնվում է հրթիռակոծության տակ և այնտեղ, իհարկե, տուժում են խաղաղ բնակիչները։ Եվ դա դուրս է բոլոր սահմաններից: Այս մասին ռուսաստանյան ՌԲԿ հեռուստակայանին ասել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

«Դուք հասկանու՞մ եք՝ եթե Ադրբեջանը պնդում է, որ Լեռնային Ղարաբաղը պետք է Ադրբեջանի մասը լինի, և եթե նրանք իսկապես մտածում են, թե ղարաբաղցիներն ու ադրբեջանցիները կարող են ապրել կողք կողքի, ապա ստացվում է, որ նրանք ավերում են իրենց իսկ քաղաքները։ Եկեք փորձենք հասկանալ Իլհամ Ալիևի (Ադրբեջանի նախագահի - ՌԲԿ) մտքերի ընթացքը։ Նա կարծում է, որ կռմբակոծի Ստեփանակերտը, և դրանից հետո ղարաբաղցիները կապրե՞ն Ադրբեջանի կազմում։ Այս մոտեցումը ևս մեկ անգամ ընդգծում է, որ Լեռնային Ղարաբաղը երբեք չի կարող լինել և չի լինի Ադրբեջանի կազմում։ Դա արդեն իսկ բացառվում է։ 100 տոկոս: Եվ դա ապացուցվում է Ադրբեջանի գործողություններով», ասել է նա:

Ադրբեջանի՝ ռազմաճակատում ունեցած հաջողությունների, մասնավորապես՝ շփման գծում մի քանի գյուղեր գրավելու մասին հայտարարությունների վերաբերյալ Նիկոլ Փաշինյանը նշել է.

«Եթե հաշվի առնենք այն տեղեկատվությունը, որն ստացվում է այսօր վաղ առավոտից, կարող ենք ասել, որ ղարաբաղցի զորահրամանատարների մտահղացումն իրագործվել է․ նրանք հարավում մարտավարական քայլեր են ձեռնարկել՝ միջանցք են թողել և այնտեղ ծուղակի մեջ գցել Ադրբեջանի ռազմական կորպուսը։ Բառացիորեն այս վայրկյաններին այդ կորպուսն ստանում է ջախջախիչ հարվածներ։ Եվ ես կարծում եմ, որ սա կլինի ողջ գործողության առանցքային կետը։ Այս պահին, իմ տեղեկություններով, դրվում է ղարաբաղյան բանակի վերջնական հաղթանակի իրական հիմքը։ Ղարաբաղցի, հայ զորահրամանատարները ծրագիր ունեին՝ հետ քաշվել Ջաբրայիլի ուղղությամբ և այնտեղ ներքաշել ադրբեջանական բանակի մեծ ուժեր։ Երեկ երեկոյան նրանք այնտեղ են մտել մեծ, շատ մեծ ուժերով, և այսօր առավոտից նրանց ջախջախիչ հարված է հասցվում, գործողությունը չափազանց հաջող է ընթանում։ Շատ կարևոր է, որ այնտեղ Ադրբեջանի կողմից մեծաքանակ տեխնիկա է մտել: Մեծ մասը ոչնչացված է կամ լքված փախչող ադրբեջանցիներից: Այնպես որ, կարծում եմ՝ այսօր արդեն ղարաբաղյան բանակի մոտ մեծաքանակ տեխնիկա կլինի»:

«Հնարավո՞ր է արդյոք ռազմական գործողությունների ընդլայնում Ադրբեջանի տարածքում» հարցին ի պատասխան Նիկոլ Փաշինյանը նշել է, որ եթե այսօրվա գործողությունն ավարտվի այնպես, ինչպես սկսվել է, իսկ դա շատ հավանական է, քանի որ Ղարաբաղի բանակը նման հաջողությունից հետո պարզապես չի նստի և սպասի ադրբեջանական ուժերի վերախմբավորմանը։

«Եվ ես կարծում եմ, որ եթե այսօր նրանց մոտ ստացվի, նրանք կփորձեն զարգացնել հաջողությունը», ասել է Ն.Փաշինյանը։

«Այսինքն՝ անցնել հակահարձակման Ադրբեջանի՞ տարածքի վրա» հարցին՝ Փաշինյանը պատասխանել է, որ չի կարող նրանց փոխարեն խոսել.

«Այդ որոշումներն ընդունում են Ղարաբաղի զորահրամանատարները։ Ես գնահատում եմ ընդհանուր իրավիճակը»։