ՌԴ անվտանգության խորհրդի փոխնախագահ, «Եդինայա Ռոսիա» կուսակցության նախագահ Դմիտրի Մեդվեդևը հնարավոր է համարում Ռուսաստանի կազմում նոր շրջանների հայտնվելը: Նա այդ խոսել է «Եդինայա Ռոսիայի» XXII համագումարի լիագումար նիստում։
«Ի դեպ, Դոնբասի և Նովոռոսիայի ինտեգրման փորձը կարող է հետագայում ևս պահանջված լինել, եթե մեր երկրի կազմում հայտնվեն նոր, բայց շատ մոտ շրջաններ։ Չէ՞ որ դա հնարավոր է», - ասել է նա՝ խոսելով կուսակցության «Նոր շրջանների զարգացում» ազգային ծրագրի մասին։
Մեդվեդևը նաև ընդգծել է Ռուսաստանի թշնամիների դեմ վճռական գործողությունների և հասարակության միասնության պահպանման անհրաժեշտությունը:
«Մենք պետք է պահպանենք մեր պապերի ու նախապապերի սխրանքը, շարունակենք նրանց գործը՝ ոչնչացնել թշնամուն՝ առանց ռևանշի չնչին հնարավորության»,- հայտարարել է նա:
«Եդինայա Ռոսիայի» առաջնորդը ուշադրությունը կենտրոնացրել է ռուսական հասարակությանը պառակտելու փորձերի սպառնալիքների վրա։
«Պետք է կանխել մեր հասարակությունը պառակտելու, ազգամիջյան և միջկրոնական երկպառակություն սերմանելու, պատմությունը խեղաթյուրելու և վերաշարադրելու ցանկացած փորձ»,- ասել է նա:
Նշենք, որ «Եդինայա Ռոսիայի» XXII համագումարի լիագումար նիստն ընթանում է Մոսկվայի «Ռոսիա» ազգային կենտրոնում:
Համագումարում քննարկվում են ժողովրդական ծրագրի և կուսակցության կանոնադրության փոփոխությունները, ինչպես նաև անցկացվում է «Եդինայա Ռոսիայի» բարձրագույն և գլխավոր խորհուրդների ռոտացիա։
0Comments