Ադրբեջանի ագրեսիայի դեպքում Հայաստանին կպաշտպանի միայն Ռուսաստանը։ Այսօր Sputnik Արմենիա մուլտիմեդիոն կենտրոնում հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ այս մասին ասաց Հայ ազգային կոնգրեսի փոխնախագահ Լևոն Զուրաբյանը: Քաղաքական գործիչը վստահ է, որ հենց այդ պատճառով էլ իշխանությունները չեն շտապում դե յուրե դուրս գալ ՀԱՊԿ-ից՝ չնայած անդամակցության հայտարարված սառեցմանը։
Նրա խոսքով՝ 2022թ․ տեղի ունեցած ադրբեջանական ագրեսիայի ժամանակ ՀԱՊԿ-ի պահվածքի լույսի ներքո հայ հասարակության մեջ կա որոշակի դժգոհություն և թյուրըմբռնում: Բայց հարցն այն է, թե ինչպես են իշխանություններն օգտագործում հայ հասարակության այդ արձագանքը։
«Պատճառը, թե ինչու է Փաշինյանը հայտարարում ՀԱՊԿ անդամակցությունը սառեցնելու մասին, բայց շարունակում լինել ՀԱՊկ-ում, միանգամայն պարզ է։ Նա շատ լավ գիտի, որ ՀԱՊԿ-ը և մասնավորապես Ռուսաստանը, այնուամենայնիվ, պատասխանատվություն են կրում Հայաստանի տարածքային ամբողջականության պահպանման համար։ Հաշվի առնելով Ադրբեջանի հնարավոր ներխուժումը՝ Զանգեզուրի միջանցքը գրավելու նպատակով, Նիկոլ Փաշինյանը հասկանում է, որ եթե կա ուժ, որը դիմակայելու է այդ ագրեսիային, լինելու են ՀԱՊԿ-ը, Ռուսաստանը, մասամբ նաև Իրանը»,- նշել է Զուրաբյանը։
Փաշինյանը շատ լավ գիտի, որ Արևմուտքը չի միջամտելու ո՛չ Ադրբեջանի դեմ պատժամիջոցների, ո՛չ էլ Հայաստանին զենք-զինամթերք մատակարարելու տեսքով։ Արևմուտքը շարունակում է Ադրբեջանին դիտարկել որպես տարածաշրջանում հնարավոր գործընկեր Ռուսաստանի և Իրանի դեմ պայքարում։
Եվ սա, Զուրաբյանի կարծիքով, միակ շարժառիթն է, որի պատճառով Փաշինյանը դուրս չի գալիս կազմակերպությունից։ Բայց այն, ինչ նա հիմա անում է, ոչ մի տրամաբանական բացատրություն չունի, օրինակ` ի՞նչ է նշանակում ՀԱՊԿ-ի նիստերին չմասնակցել կամ չօգտագործել վետոյի իրավունքը, և այլն։
«Ինչի՞ չեք գնում, ակտիվ մասնակցում, ձեր հարցերը պարտադրում։ Իմաստը ո՞րն է, ընդամենն ուզում են Հայաստանի տարածքային ամբողջականության համար ֆորմալ պատասխանատվությունը պահել ՀԱՊԿ-ի համար, մնացած հարցերով ինտեգրվել Արևմուտքի հետ։ Էս ի՞նչ քաղաքականություն է։ Նորից նիկոլական քաղաքականություն է»,- հայտարարեց նա։
Զուրաբյանը նման մարտավարությունը համարում է պատասխանատվությունից խուսափելու դասական օրինակ։
Հիշեցնենք` փետրվարի 23-ին հայտնի դարձավ, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը «France24» հեռուստաալիքին տված հարցազրույցում ասել է` Հայաստանի նկատմամբ Հավաքական անվտանգության պայմանագիրը չի կատարվել, ուստի Երևանը սառեցրել է իր մասնակցությունը կազմակերպությանը (ՀԱՊԿ):
0Comments