Ամեն ինչ պարզ կլինի, երբ Դոնալդ Թրամփը ստանձնի նախագահի պաշտոնը. Լավրով

Մանրամասներ
լավրով

Ոմանք փորձում են ԱՄՆ ընտրված նախագահ Դոնալդ Թրամփին ռուսամետ ներկայացնել, բայց դա այդպես չէ՝ ամերիկացի լրագրող Թաքեր Կարլսոնի հետ հարցազրույցում հայտարարել է Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը: Նա հիշեցրել է, որ Թրամփի նախորդ պաշտոնավարման ընթացքում «հակառուսական պատժամիջոցների թիվը շատ մեծ էր»:

«Ամեն ինչ պարզ կլինի, երբ Դոնալդ Թրամփը ստանձնի նախագահի պաշտոնը։ Ինչպես ասել է Վլադիմիր Պուտինը, «գնդակն իրենց դաշտում է»: Մենք երբեք չենք ընդհատել մեր շփումները, կապերը տնտեսության, առևտրի, անվտանգության և այլ ոլորտներում»,- նշել է Լավրովը՝ անդրադառնալով ԱՄՆ-ի հետ հարաբերությունների հեռանկարին:

Հարցին, թե Ուկրաինայում հակամարտության կարգավորման համար Մոսկվան ինչ պայմանների է պատրաստ համաձայնել, եթե Թրամփի վարչակազմը հանդես գա համապատասխան առաջարկով, Լավրովը նշել է՝ հիմնական սկզբունքը Ուկրաինայի «ոչ բլոկային» կարգավիճակն է:

«Ոչ մի ՆԱՏՕ: Ոչ մի ռազմաբազա, ոչ մի զորավարժություն ուկրաինական հողում օտարերկրյա զորքերի մասնակցությամբ։ Վլադիմիր Պուտինն ասել է, որ այդ պայմաններն առաջադրվել են 2022 թվականի ապրիլի դրությամբ, այդ ժամանակից ի վեր ժամանակ է անցել։ Պետք է հաշվի առնել տեղում իրողությունները։ Իսկ դրանք ներառում են ոչ միայն շփման գծի փոփոխությունը, այլև Դոնեցկի և Լուգանսկի Հանրապետություններում, Խերսոնի և Զապորոժիեի շրջաններում հանրաքվեից հետո Ռուսաստանի Դաշնության Սահմանադրության փոփոխությունները։ Այժմ նրանք արդեն Ռուսաստանի կազմում են՝ համաձայն մեր Սահմանադրության։ Սա իրականություն է»,- ասել է ռուս դիվանագետը։