Աբխազիայում ընդդիմությունը հայտնել է, թե որ դեպքում դուրս կգա նախագահի նստավայրից

Մանրամասներ
աբխազիա

Ակցիայի մասնակիցները կմնան Աբխազիայի նախագահ Ասլան Բժանիայի նստավայրում, քանի դեռ նրա հրաժարականի մասին չի հայտարարվել։ Այս մասին, «Ինտերֆաքս»-ի և Լուրերի փոխանցմամբ, հայտարարել է ընդդիմության առաջնորդներից Լևան Միկաան։

Նոյեմբերի 15-ին Աբխազիայի խորհրդարանում պետք է տեղի ունենար նիստ, որին պատգամավորները պետք է քննարկեին Ռուսաստանի Դաշնության հետ հանրապետության տարածքում ռուսական իրավաբանական անձանց կողմից ներդրումային ծրագրեր իրականացնելու մասին համաձայնագրի վավերացման հարցը։ Ընդդիմությունը համարել է, որ այս համաձայնագիրը չի համապատասխանում տեղի բնակիչների շահերին և բողոքի ակցիա է կազմակերպել մի քանի հազար մարդու մասնակցությամբ։

Խորհրդարանականներն ի վերջո չեղարկել են նիստը, սակայն ցուցարարներին այս որոշումը չի բավարարել. նրանք ցանկանում են, որ պատգամավորները քննարկեն հարցը և դեմ քվեարկեն համաձայնագրի վավերացմանը։