Թուրքիայում շարունակվող բողոքի ակցիաները երկրի նախագահ Ռեջեփ Էրդողանի արտաքին քաղաքականությունն էլ ավելի ագրեսիվ կդարձնեն։ Այս մասին Թելեգրամի իր ալիքում գրել է Մերձավոր Արեւելքի ինստիտուտի գիտական կենտրոնի նախագահ Եվգենի Սատանովսկին՝ մեկնաբանելով թուրքական լիրայի անկման հետ կապված բողոքի ցույցերը։
«Թուրքիայում անկարգությունները, որոնք ուղեկցվում են կառավարության հրաժարականի աղմկոտ պահանջներով, Էրդողանի եւ նրա գլխավորած «Արդարություն եւ զարգացում» կուսակցության՝ իշխանությունից հեռանալու պահանջով, աշխուժություն է առաջացրել քաղաքական գործիչների եւ հարեւան երկրների, այդ թվում՝ Հայաստանի լրագրողների շրջանում։ Մի՞թե սա Էրդողանի իշխանության վերջի սկիզբը չէ։ Արդյո՞ք Թուրքիան կնվազեցնի ճնշումը հարեւան երկրների, հատկապես Հայաստանի վրա (ավելի քան հասկանալի ակնկալիքները Զանգեզուրի միջանցքի շուրջ): Արդյո՞ք տնտեսության մեջ առկա խնդիրները կկանգնեցնեն թուրքական էքսպանսիան հետխորհրդային տարածքում, որի լիարժեք ապահովման համար թուրքերը պարզապես բավարար գումար չունեն։ Թուրքիային անհրաժեշտ են նոր շուկաներ եւ էներգիակիրների նոր աղբյուրներ, իսկ Անդրկովկասը, Ղազախստանը եւ Կենտրոնական Ասիան ապահովում են նրան այդ ամենով, ինչպես նաեւ Ռուսաստանի թյուրքական շրջանները, որոնց հետ թուրք գործարարներն ավելի սերտ կապեր են հաստատում՝ ճանապարհ հարթելով «Մուսուլման եղբայրների» եւ պանթյուրքիստական գաղափարախոսության ոճով թուրքական տարբերակի առաջմղման համար։ Էրդողանի ախորժակը մեծ է, իսկ նրա ծրագրերն՝ էլ ավելի մեծ, ուստի թուրքական իսլամիստական հիմնադրամները կադրեր են պատրաստում Հնդկաստանի եւ Չինաստանի մուսուլմանների համար, Ինդոնեզիայի եւ Գերմանիայի, ինչպես նաեւ Ռուսաստանի շրջանների համար, ներառյալ ամբողջովին աշխարհիկ Յակուտիան, որտեղ տարածված են ուղղափառությունն ու ավանդական հավատքները: Բայց չէ՞ որ յակուտները թուրքեր են։ Էրդողանի համար սա ավելի քան բավարար է։ Լավատեսները, ովքեր անկեղծորեն հավատում են, որ Թուրքիայի տնտեսության խնդիրները կկանգնեցնեն Էրդողանին, չեն հասկանում, որ ներքաղաքական ցանկացած դժվարություն ամենահեշտ ձեւով լուծվում է արտաքին հակամարտությունների պայմաններում։ Այսպիսով, հակամարտությունները հաճախ հրահրվում են հենց բնակչության ուշադրությունը շեղելու նպատակով։ Թուրքիայի եւ նրա նախագահի ագրեսիվ արտաքին քաղաքականությունը ոչ միայն չի փոխվի, այլ ընդհակառակը, այս երկիրն ավելի հակամարտող կդառնա, քան այսօր։ Էրդողանը նահանջելու տեղ չունի, եւ նրան չի հետաքրքրում՝ ում վրա կհարձակվի՝ Փարիզի, Բեռլինի, Մոսկվայի, Երեւանի, թե Դելիի ու Պեկինի։ Այսպիսի մարդ, այսպիսի դարաշրջան ... »։
0Comments