Լաչինից՝ Մեղրի. Պուտինի «քաղաքական նվերները» Փաշինյանին ու Ալիևին

Մանրամասներ
ալիեվ նիկոլ պուտին

«Հրապարակը» գրում է․

Ռուսներն իրենց մասին սիրում են բնորոշել՝ Россия – щедрая душа: Թե իրականում ինչ կա այդ ռուսական առատահոգության մեջ, թողնենք ամեն մեկիս մտորումին և համոզմունքին: Բայց հայտնի ասացվածքի «ճշմարտացիությունն» օրերս անձամբ հաստատեց ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը՝ իր 72-ամյա տարեդարձից մեկ օր անց «քաղաքական յուրահատուկ նվերներ» մատուցելով հայ և ադրբեջանցի գործընկերներին՝ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին և Իլհամ Ալիևին:

Ինչպես հայտնի է, հոկտեմբերի 8-ին Մոսկվայում՝ ԱՊՀ երկրների ղեկավարների խորհրդի նիստի ժամանակ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Համագործակցության երկրների մշակութային մայրաքաղաքներ 2025-ին, 2026-ին և 2027-ին, համապատասխանաբար, հռչակվում են «ադրբեջանական» Լաչինը (իրականում Ադրբեջանի կողմից բռնազավթած Արցախի Բերձոր քաղաքը-Խմբ), Հայաստանի Մեղրի քաղաքն ու բելառուսական Մոլոդեչնոն:  

«Ամեն տարի մենք ընտրում ենք Համագործակցության մշակութային մայրաքաղաքը, որը դառնում է կենսունակ, ստեղծագործ և մարդասիրական միջոցառումների կենտրոն, որոնք գրավում են մեր բոլոր երկրների քաղաքացիների բուռն հետաքրքրությունը: Այժմ դա Սամարղանդն է, իսկ հաջորդ տարի՝ էստաֆետը կընդունի ադրբեջանական Լաչինը, ապա 2026 թվականին՝ հայկական Մեղրին, իսկ 2027 թվականին՝ բելառուսական Մոլոդեչնոն»,- ասել է նախագահը։

Նկատի առեք՝ Պուտինը բոլորի ու հատկապես Փաշինյանի ներկայությամբ հայկական Բերձորն անվանել է «ադրբեջանական Լաչին»: Բայց սրանից, բնականաբար, հայոց վարչապետի աթոռին գամվածն առանձնապես չի դժգոհել. ուրիշ ի՞նչ պետք էր սպասել Արցախն Ալիևին ու Ադրբեջանին նվիրած անձնավորությունից:

Մինչդեռ, բնական է, որ «Լաչինի»՝ ԱՊՀ մշակութային քաղաք հռչակվելու լուրն առանձնակի ոգևորությամբ էր ընդունել նիստին ներկա Ալիևը, ով շնորհակալություն էր հայտնել ռուս ընկերոջն, ապա հընթացս, օգտագործելով հերթական հարթակը, նվաստացրել Փաշինյանին ու մեղադրել, առհասարակ, հայկական կողմին. «Լաչինը Ադրբեջանի քաղաքներից է, որը գրեթե 30 տարի գտնվել է Հայաստանի օկուպացիայի տակ և գրեթե ամբողջությամբ ավերվել։ Այսօր արդեն վերականգնվել է Լաչին քաղաքը։ Այստեղ սկսվել է նոր կյանք, վերադարձել են նախկին ներքին տեղահանվածները։ Լաչինը ԱՊՀ մշակութային մայրաքաղաք հռչակելը մեծ երախտագիտությամբ է ընդունվել ինչպես լաչինցիների, այնպես էլ ողջ ադրբեջանական ժողովրդի կողմից»:

Ադրբեջանում առ այսօր ցնծությամբ են արձագանքում Պուտինի շուրթերով հնչեցված «պատմական» որոշմանը. փորձագիտական շրջանակներում պնդում են, թե «դա Ադրբեջանի համար նաև իր ինքնիշխանությունը վերադարձնելու և վերականգնելու հաջողության քաղաքական արձանագրում է»:

Իսկ ի՞նչ արձանագրեց Նիկոլն անձամբ ԱՊՀ վերջին գագաթնաժողովում. ըստ իշխանական քարոզչամեքենայի, ՀՀ վարչապետը Մոսկվայից ոչ միայն ձեռնունայն չվերադարձավ, այլև եկավ հատուկ ձեռքբերումով, եթե կուզեք՝ Պուտինի կողմից արված բարի ժեստով ու «նվերով»:

2025 թ. հունվարի 1-ից Մեղրիի հսկիչ անցակետում ծառայություն կիրականացնեն հայ սահմանապահները, իսկ սահմանային հատվածում կիրականացվի համատեղ հսկողություն։ Հենց սա են հայաստանյան իշխանավորները ներկայացնում որպես ՀՀ ինքնիշխանության վերականգնման տարր, օրինակ են բերում նաև «Զվարթնոց» օդանավակայանից ռուս սահմանապահների դուրս գալը: Երևույթ, որ Երևանի ու Մոսկվայի միջև հարաբերություններում վերածվել էր իսկական ոդիսականի՝ արժանանալով Մոսկվայի բուռն ու պարբերական քննադատությանը:

Ի դեպ, հայկական փորձագիտական շրջանակներում սևեռուն համոզմունք կա, որ Մեղրիի անցակետի նշանակությունը՝ թե քաղաքական, թե անվտանգության տեսակետից, շատ ավելի բարձր է, քան «Զվարթնոցինը»։ 

Փաշինյանը տարածաշրջանային ապաշրջափակման մասին խոսեց թե՛ նույն ԱՊՀ գագաթնաժողովում, թե՛ ՔՊ-ի հետ վերջին դասախոսության ժամանակ: Իր թիմի անդամների հետ հանդիպմանը նշեց, որ «Խաղաղության խաչմերուկի» իմաստն այն է, որ Հայաստանը տարածքներ տրամադրի հարևաններին, ըստ էության, չբացառելով այսպես կոչված «Զանգեզուրի միջանցքի» հետ կապված տարաձայնությունների հարթումը, ավելին՝ արդեն դրա գործարկման շուրջ թեկուզ բանավոր պայմանավորվածությունը Մոսկվայի և Ադրբեջանի հետ: Ուշագրավ է նաև, որ Թուրքիայում պաշտոնապես հայտարարեցին, թե «Զանգեզուրի միջանցքի» հարցով հայկական կողմից ստացված արձագանքները դրական են և այդ հարցում առաջընթաց կա: Որքան էլ ցավալի է արձանագրել, այս ամենը հաստատում է, որ ռուս-ադրբեջանա-թուրքկան տերմինաբանությամբ ասած «Զանգեզուրի միջանցքը» արդեն համաձայնեցված է բոլոր կողմերից։

Ի դեպ, թիմակիցների հետ հանդիպմանը, խոսելով Սյունիքով ճանապարհ տալու մասին, Հայաստանի վարչապետը նշեց նաև, որ ռուսներին կարող է ընդամենը մոնիտորինգի ինչ-որ գործառույթ վերապահվել: Մինչդեռ ՌԴ փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկն անթաքույց դժգոհությամբ հակադարձել է, թե տարածաշրջանում տնտեսական և տրանսպորտային միջանցքների ապաշրջափակումը «հնարավոր է միայն Ռուսաստանի մասնակցությամբ»։ Դժվար թե Կրեմլի և ՌԴ կառավարության դիրքրոշումներում՝ հատկապես նման նուրբ ու ռազմավարական հարցերի հետ կապված հակասություններ լինեն: 

Ի՞նչ է ստացվում. ուրեմն Պուտինի «նվերը» Նիկոլին իրականում քաղաքական հնարք էր, ՀՀ իշխանություններին սիրաշահելու կարճաժամկետ միջոց: Իսկ որ, չնայած բազմաթիվ սկզբունքային հակասություններին, Մոսկվայի համար Փաշինյանը «ձեռնտու» է, բացեիբաց խոսում են նաև Ռուսաստանում: Այդ Հայաստանում է, որ շատերը միամտաբար կարծում են, թե Պուտինը «երազում» է տապալել Նիկոլի իշխանությունը՝ ուղիղ, ճակատային իմաստով: Ադրբեջանի ու Թուրքիայի հետ սիրախաղի մեջ մտած Կրեմլի համար Փաշինյանական ռեժիմն ընդամենը «գործիք է»՝ Մոսկվայի, Բաքվի և Անկարայի քաղաքական ու աշխարհաքաղաքական դիրքերն ամրապնդելու և սեփական շահերն առաջ մղելու համար։