Վեյփինգը փոխում է ԴՆԹ-ի կառուցվածքը՝ մեծացնելով քաղցկեղի զարգացման հավանականությունը. ուսումնասիրություն

Մանրամասներ
Վեյփ

Նոր ուսումնասիրությունը, որն անցկացվել է ԱՄՆ Առողջապահության ազգային ինստիտուտի աջակցությամբ, վերջինն է աճող հետազոտությունների շարքում, որոնք ցույց են տալիս վեյփինգի հետ կապված առողջության վտանգները:

Հետազոտության ընթացքում գիտնականները հավաքել են 30 երիտասարդներից բաղկացած խումբ՝ բաժանելով նրանց ենթախմբերի՝ վեյփինգ օգտագործողների, ծխողների և նիկոտին չօգտագործողների: Հետազոտողներն ուսումնասիրել են յուրաքանչյուր խմբի անդամների բերանի խոռոչի բջիջներում ԴՆԹ-ի մեթիլացումը:

ԴՆԹ-ի մեթիլացումը նորմալ բջջային գործընթաց է, որն անհրաժեշտ է աճի և վերականգնման համար: Բայց դա կարող է սկսվել աննորմալ ձևերով՝ վնասելով բջիջը և մեծացնել տարբեր հիվանդությունների զարգացման վտանգը՝ կախված այն բանից, թե որտեղ են գտնվում բջիջները, ներառյալ քաղցկեղը, սրտի հիվանդությունը և իմունային ֆունկցիայի նվազումը:

Վաղուց հայտնի է, որ ծխելը վնասում է ԴՆԹ-ն մեթիլացման գործընթացի արդյունքում: Եվ հիմա գիտնականները պարզել են, որ վեյփինգը կարող է շատ նման ազդեցություն ունենալ: Վեյփինգ օգտագործողների խմբի այտերի բջիջներում հետազոտողները հայտնաբերել են ԴՆԹ-ի մեթիլացման տեսակի զգալի համընկնում ծխողների խմբի ԴՆԹ մեթիլացման տեսակի հետ:

«Մեր բացահայտումները ցույց են տալիս, որ վեյփինգ օգտագործողների մոտ նկատված ԴՆԹ մեթիլացման փոփոխությունները կարող են նպաստել հիվանդությունների, այդ թվում՝ քաղցկեղի զարգացմանը,- ասում է դոկտոր Ստելլա Թոմմասին՝ Կեկի բժշկական դպրոցի ազգաբնակչության և հանրային առողջության հետազոտությունների ամբիոնի դոցենտը: - Էլեկտրոնային ծխախոտներն այնքան էլ անվտանգ չեն, ինչպես պնդում են որոշ մարդիկ, թեև հեղուկում և գոլորշիներում առկա թունավոր նյութերի և քաղցկեղածինների մակարդակը սովորաբար շատ ավելի ցածր է, քան ծխախոտի ծխում: Այս բացահայտումները զգալի ազդեցություն ունեն հանրային առողջության և ծխախոտի արդյունաբերության կարգավորման վրա, որի նպատակն է հեռու պահել վեյփինգը երիտասարդներից, որոնք բնակչության հատկապես խոցելի մասն են»:

Ուսումնասիրությունը, որը հրապարակվել է American Journal of Respiratory Cell and Molecular Biology-ում, նաև հայտնաբերել է մի շարք գենետիկ փոփոխություններ վեյփինգ օգտագործողների մոտ, որոնք չեն հայտնաբերվել ծխողների մոտ, հավանաբար էլեկտրոնային ծխախոտներում պարունակվող պոտենցիալ վնասակար քիմիական նյութերի լայն սպեկտրի պատճառով: