Իսրայելը հարված է հասցրել Լիբանանի մայրաքաղաք Բեյրութին: Այս մասին հայտնել է Իսրայելի պաշտպանության բանակը (ԻՊԲ):
«ԻՊԲ-ն թիրախային հարված է հասցրել Բեյրութին։ Մանրամասները կհաջորդեն», – գրել է ԻՊԲ-ն իր Telegram ալիքում։
Իր հերթին The Times of Israel-ը, հղում անելով լիբանանյան լրատվամիջոցներին, հաղորդում է, որ հարվածը հասցվել է ոչ թե Լիբանանի մայրաքաղաքին, այլ նրա հարավային արվարձան Դահիային, որը համարվում է «Հեզբոլլահ»-ի հենակետը:
ԻՊԲ-ն մեկ այլ հաղորդագրության մեջ նշում է, որ վերջին մեկ օրվա ընթացքում «շուրջ 2000 զինամթերք է օգտագործել, որպեսզի հարվածներ հասցնի ահաբեկչական ենթակառուցվածքի գրեթե 1500 թիրախի Լիբանանի հարավում և Լիբանանի տարածքի խորքերում»։
«ԻՊԲ-ի կործանիչները շարունակում են իրենց գործունեությունը՝ հարվածներ իրականացնելով նույնիսկ այս պահին», – նշված է հաղորդագրության մեջ։
Սեպտեմբերի 23-ին ԻՊԲ-ն սկսել է «Հյուսիսի նետեր» գործողությունը, որի շրջանակներում ռազմաօդային ուժերը հարվածներ են հասցնում Լիբանանում գտնվող «Հեզբոլլահ»-ի օբյեկտներին: Մասնավորապես, ԻՊԲ-ն գրոհում է տեղի բնակիչների տների վրա, որոնցում, բանակի տվյալներով, կարող են պահվել խմբավորման զենքերը։ Հարձակումից առաջ Իսրայելը հաղորդագրություններ էր ուղարկել լիբանանցիներին՝ կոչ անելով լքել իրենց տները։ Տասնյակ հազարավոր մարդիկ տեղահանվել են։
Լիբանանի առողջապահության նախարարության տվյալներով՝ իսրայելական հարձակումների հետևանքով զոհվել է 558 մարդ, ևս 1800 մարդ վիրավորվել է։
0Comments