Իսրայելը ավիահարված է հասցրել Գազայում հումանիտար օգնության ավտոշարասյանը. կան զոհեր

Մանրամասներ
Գազա պաղեստին իսրայել

Իսրայելի զինվորականները ավիահարված են հասցրել Գազայի հատվածի հարավում մարդասիրական օգնություն տեղափոխող ավտոշարասյան կազմում ընթացող մեքենային։ Այս մասին հայտնել է Al Jazeera հեռուստաալիքը։

Չհաստատված տեղեկությունների համաձայն՝ Ռաֆահի հիվանդանոց դեղորայք և վառելիք տեղափոխող ավտոշարասյան վրա հարձակման հետևանքով` զոհվել է հինգ մարդ: Օգնության առաքումը կազմակերպել է ԱՄՆ-ում գործող Anera բարեգործական կազմակերպությունը:

Իսրայելի պաշտպանության բանակը հայտնել է, որ զինյալները փորձել են հսկողության տակ առնել ավտոշարասյունը տանող ավտոմեքենան, և Իսրայելի պաշտպանության բանակը հարվածել է մեքենային՝ չեզոքացնելով հումանիտար շարասյան առևանգման վտանգը: Բանակի մամուլի ծառայությունից հայտնում են, որ Anera-ի և ուժայինների կողմից զոհեր և վիրավորներ չկան։

Պաղեստինում Anera-ի ներկայացուցիչ Սանդրա Ռաշիդը հարձակումն անվանել է «ցնցող»: Նա հերքել է շարասյունը գրավելու փորձի մասին զինվորականների վարկածը՝ հավելելով, որ սպանվել են տրանսպորտային ընկերությունից մի քանի մարդ, որի հետ Anera-ն համագործակցում էր։

Ավիահարվածը ավտոշարասյան վրա, ինչպես նշում է Al Jazeera-ն, տեղի է ունեցել մեկ օր անց, երբ իսրայելցի զինվորները կրակ են բացել ՄԱԿ-ի Պարենի համաշխարհային ծրագրի մեքենայի վրա։