ՌԴ–ն իր ոսկու 88 տոկոսն անցկացրել է Հայաստանով. Տնտեսագետ

Մանրամասները՝ տեսանյութում
Live24.am-ը ներկայացնում է

Միջազգային կազմակերպությունները նախկին միջինացված երկարաժամկետ կանխատեսումներին են ձգտում. օրինակ, եթե ՀՀ-ում գնաճի կանխատեսումը 4 տոկոս է լինելու 2026-ին, որովհետեւ երկարաժամկետ միջին գնաճն այդպիսին է: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում նշեց «tvyal.com» կազմակերպության տնօրեն, տնտեսագետ Աղասի Թավադյանը՝ անդրադառնալով միջազգային կռույցների կողմից Հայաստանին տնտեսական աճի կանխատեսումներին:

«Հիմա մեզ մոտ երկարաժամկետ տնտեսական աճը մոտ 5 տոկոս է, եթե վերցնենք 5 տարվա կտրվածքով, իսկ եթե վերցնենք 10-15 տարվա կտրվածքով, ապա 4,5 տոկոս է»,-ասաց նա:

Ինչ վերաբերում է 10 տոկոսից ավելի տնտեսական աճի կանխատեսմանը, Թավադյանն ասաց, որ դա այնքան էլ իրատեսական չի համարում. «Այստեղ որոշակի բարդություններ կան:

Մեր տնտեսությունն այս պահին ոչ այնքան ներքին ռեսուրսներով է ապահովվում, որքան արտաքին: Սա վտանգավոր է, որովհետեւ արտաքին աշխարհաքաղաքական իրավիճակի փոփոխության պարագայում, առկա իրավիճակը կարող է խաթարվել եւ մենք բավականին բարդ տնտեսական վիճակում հայտնվենք, ինչպես դա եղավ 2008-ին:

Մեզ մոտ 2022-ին տնտեսական աճը 12,6 տոկոս էր, որը հիմնականում պայմանավորված էր ռուս-ուկրաինական պատերազմով, ՌԴ-ի դեմ պատժամիջոցներով: Արդյունքում Ռուսաստանում ֆինանսական սով սկսվեց, բավականին մեջ քանակությամբ փողեր քամվեցին ՌԴ-ից, որի արդյունքում կապիտալի մի զգալի հատված հայտնվեց Հայաստանում, մեծ թվով ռելոկանտներ եկան Հայաստան: Մյուս կողմից, քանի որ ապրանքները այլ ճանապարհներով չէին հասնում Ռուսաստան, Հայաստանից արտահանումը ՌԴ երեք անգամ աճեց: Դա խթան հանդիսացավ մեր տնտեսական աճի համար:

Կարելի է ենթադրել, որն 2022-ին մենք ապահովել ենք 12,6 տոկոս տնտեսական աճի միայն 2 տոկոսը: Մնացածը ՌԴ-ից եկած կապիտալն ու աշխատուժն էր:

2023-ին ունեցել ենք 8,7 տոկոս տնտեսական աճ, որի դեպքում եւս 2 տոկոսն ենք մենք ապահովել:

Եթե 2022-ին ունեցել ենք կապիտալի ներհոսք, հիմա արդեն ունենք կապիտալի արտահոսք: Ռուսաստանից տուրիստներն ու IT ոլորտի մասնագետները, որ հանգրվանել են Հայաստանում, քչանում են, դուրս են գալիս:

2023-ին տնտեսական աճի մեջ 2 տոսկոսն ապահովել է ոսկու, թանկարճեք քարերի վերաարտահանումը»,-ասաց տնտեսագետը:

Նրա խոսքով, եթե մինչեւ 2021 թվականը Ռուսաստանն իր ոսկու 90 տոկոսն ուղարկել է Լոնդոնի բորսա, ապա 2023-ի առաջին 4 ամիսներին ՌԴ-ն իր ոսկու 88 տոկոսը ուղարկել է Հայաստանով:

«Այստեղ միլիարդների մասին է խոսքը, որն ապահովել է տնտեսական աճը: Ներքին պայմանավորվածություն կա, որը որոշակիորեն անօրեն է, որ այդ ոսկու 4 տոկոսը պետք է վճարվի պետական բյուջե, որպես ավելացված արժեքի ստեղծում, բայց այստեղ ոչ մի ավելացված արժեք չի ստեղծվում, ոսկին պարզապես անցնցում է: Սակայն դա գրանցվում է որպես արդյունաբերության աճ, բայց ոչ մի արդյունաբերություն էլ չկա: Դա ապահովել է 2023-ի տնտեսական աճի 2 տոկոսը: Եթե դա չլիներ, մեր տնտեսությունը 2023-ին կաճեր մոտ 7 տոկոսով»,-ասաց Թավադյանը: