Մի վայրկյան չտրտմեք. Բագրատ Սրբազանը՝ «Տա լույս» երգչախմբի երեխաներին

Մանրամասներ
բագրատ

«Տավուշ հանուն հայրենիքի» շարժման առաջնորդ Բագրատ սրբազանին «Տալույս» երգչախմբի երեխաները դիմավորեցին Գյումրու դրամատիկական թատրոնի աստիճաններին կանգնած երգելով։

Ավելի վաղ հայտնել էինք, որ Բագրատ սրբազանի այցին ընդառաջ ապամոնտաժվել է Գյումրիում նախատեսված մանկական համերգի բեմը։

Տավուշի թեմի «Տալույս» երգչախմբի ղեկավար Մարիա Գալստյանը պատմել էր, որ ԿԳՄՍ փոխնախարար Դանիել Դանիելյանը զանգել, հրահանգել է համերգը նախատեսվածից շուտ սկսել։ Մասնակիցները բացատրել են, որ դա հնարավոր չէ։ Դրանից հետո բեմը պարզապես ապամոնտաժել են։

«Մի վայրկյան չտխրեք, դուք ո՛չ այս բեմին եք կարոտ, ո՛չ էլ որևէ բանի։ Իրենք են, որ կորցրել են, իրենք են, որ ձեր հոգիները խոցել ու վնասել են և դրա համար էլ պատասխանը տալու են։ Մի վայրկյան չտրտմեք։ Այն հոգին, այն մեծ զգացումը, որ դուք ունեք, ոչ մի ձևով չպետք է կոտրվի ձեր մեջ»,– ասաց սրբազանը երեխաններին։

Բագրատ սրբազանը ասաց, որ տեղյակ է համերգի չեղարկման բոլոր մանրամասներից ու միայն մի բան ունի ասելու։

«Իրենք քաղաքականացրել են ամեն ինչ ուղնուծուծով։ Ես հիմա ասում եմ հրապարակային` Դանիել Դանիելյան, դու պետք է ներողություն խնդրես քո արածի համար, դեռ համբերում եմ ու բան չեմ ասում։ Դու ո՞վ ես, որ որոշում կայացնես»,– ասաց նա։

Նշենք, որ լրատվամիջոցների տեղեկություններով` մանկական համերգին պետք է ներկա լիներ նաև ՀՀ վարչապետի կինը` Աննա Հակոբյանը։