Հարավային Օսիան քննարկում է Ռուսաստանին միանալու հարցը

Մանրամասներ
Օսիա Ցխինվալ

Հարավային Օսիան քննարկում է Ռուսաստանին միանալու հարցը, հայտարարել է հանրապետության խորհրդարանի նախագահ Ալան Ալբորովը։ Նրա խոսքով՝ Մոսկվան և Ցխինվալին համակարգված արտաքին քաղաքականություն են վարում։ Այս մասին գրում է ՌԻԱ «Նովոստի»-ն:

«Մենք այդ բոլոր հարցերը քննարկում ենք Ռուսաստանի Դաշնության հետ սերտ համակարգմամբ՝ հաշվի առնելով մեր երկկողմ հարաբերություններն ու պայմանավորվածությունները»,- ասել է Ալբորովը՝ պատասխանելով համապատասխան թեմայով հանրաքվեի հնարավորության մասին հարցին։

Նա նշել է, որ երբ կողմերը փոխադարձ եզրակացության գան Հարավային Օսիայի՝ Ռուսաստանին միանալու վերաբերյալ, դա կարվի։

2023 թվականին Հարավային Օսիայի նախագահ Ալան Գագլոևը ժողովրդին և խորհրդարանին ուղղված իր ելույթի ժամանակ հույս էր հայտնել, որ հանրապետությունը շուտով կմիանա Ռուսաստանին։

ՌԴ Անվտանգության խորհրդի փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևը հայտարարել էր, որ Աբխազիայի և Հարավային Օսիայի՝ Ռուսաստանին միանալու գաղափարը կարող է իրականացվել, եթե Արևմուտքը շարունակի սրել իրավիճակը Վրաստանում։ Նա ընդգծել է, որ Մոսկվան չի ցանկանում 2008 թվականի կրկնություն և պատրաստ է ՄԱԿ-ի կանոնադրությամբ լուծել խնդիրները բանակցությունների սեղանի շուրջ։