Մոսկվան Երևանին նախազգուշացրել է հակառուսական քաղաքականության հետևանքների մասին․ ՌԴ ԱԳՆ

Մանրամասներ
նիկոլ լավրով

Մոսկվան Հայաստանի հետ շփումների ընթացքում քննարկում է արևմտյան երկրների կողմից Երևանին հակառուսական քաղաքականության մեջ ներքաշելու հարցը, որպեսզի նախազգուշացնի ռիսկերի մասին։ Այս մասին ՌԻԱ Նովոստիի հետ զրույցում ասել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։

«Ցավոք, մենք այս միտումը տեսնում ենք բավականին վաղուց, և մենք խոսում ենք դրա մասին։ Մենք խոսում ենք մեր հայ գործընկերների հետ միայն զգուշացնելու նպատակով», – հայտարարել է Զախարովան։

Դիվանագետը հավելել է, որ Մոսկվայի փաստարկներից որոշներն ընդունվել են հայկական կողմի կողմից, նույնիսկ որոշակի միջոցներ են ձեռնարկվել։

«Մենք շատ լավ հասկանում ենք, որ Միացյալ Նահանգները և առհասարակ հավաքական Արևմուտքը, ոչ միայն տասնամյակներ, այլ դարեր շարունակ կիրառում են երկրները և ժողովուրդներին որպես գործիք օգտագործելու իրենց մարտավարություն։ Ընդ որում՝ անում են դա բարի մտադրությունների քողի տակ: Եթե նման օրինակներ չլինեին մեր տարածաշրջանում, երևի կարելի էր մտածել, որ հենց հետխորհրդային տարածքի նկատմամբ Միացյալ Նահանգները և հավաքական Արևմուտքը չեն կիրառի այդ մարտավարությունը», - ընդգծել է նա։

Զախարովայի խոսքով՝ Մոսկվան անկեղծորեն ցանկանում է, որ Հայաստանը պահպանի իր ինքնիշխանությունը, կառուցի քաղաքականություն ՝ ելնելով ազգային շահերից։ Նրա խոսքով՝ ազգային շահերն այն չեն, ինչը որևէ մեկը գրել է Բրյուսելում կամ ինչ-որ այլ մայրաքաղաքում, այլ այն շահերն են, որոնք արտացոլում են ժողովրդի մշակութային ինքնությունն ու կապված են այդ երկրում ապրող ու երեխաներ դաստիարակող մարդկանց շահերի հետ։

Նա նաև հավելել է, որ Հայաստանի հետ հարաբերություններում Ռուսաստանի մտադրությունների անկեղծության վերաբերյալ Երևանի կասկածներին կա պատմական պատասխան. Մոսկվան բազմիցս օգնության է հասել և պաշտպանել Հայաստանի Հանրապետությունը, իսկ ՌԴ նախագահը ջանքեր է գործադրել տարածաշրջանում արյունահեղությունները դադարեցնելու համար։

Դիվանագետը նաև ուշադրություն է հրավիրել այն փաստին, որ Ռուսաստանում կան մեծ թվով փախստականներ։

«Եվ ես իսկապես չեմ ուզում, որ հիմա տեղեկատվական տեխնոլոգիաների, ագրեսիվ հռետորաբանության միջոցով ինչ-որ հակառուսական օրակարգ պարտադրվի Հայաստանի ժողովրդին։ Մենք միշտ Հայաստանի կողքին ենք լինելու, միշտ օգնելու ենք, միշտ կվերաբերվենք Հայաստանին ու այդ երկրի ժողովրդին բաց սրտով և մաքուր հոգով»,- եզրափակել է նա: