Սպառողները կարող են դիմել ՀԷՑ՝ փոխհատուցում ստանալու համար․ Դավիթ Մուրադյան

Մանրամասներ
հէց

Այսօր Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը նիստ էր հրավիրել «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ին  տուգանելու հարցով։ 

Դավիթ Մուրադյանը լրագրողների հետ զրույցում մանրամասն ներկայացրեց քննարկման արդյունքները․ 

«ՀԷՑ-ը տուգանվել է նախորդ տարվա առաջին եռամսյակի ընթացքում սպառողական համակարգի էլեկտրական ցանցի միացման ժամկետների խախտման համար։ 20 միլիոն տուգանքը փոխանցվելու է Հայաստանի Հանրապետության պետական բյուջե, սակայն սպառողները, իրենց հերթին, իրավունք ունեն դիմել ընկերություն՝ փոխհատուցում ստանալու համար»,- նշեց նա ու տեղեկացրեց՝ էլեկտրաէներգիայի անջատումների քանակը, վերականգնման տևողությունը սահմանված են կանոններով․

«Ցանկացած այդպիսի խախտման համար նախատեսված են տույժեր, որոնք սպառողներին ավտոմատ վճարվում են, որևէ կարիք չկա ընկերությունից պահանջելու, քաղաքացիների հաշվին որպես կանխավճար փոխանցվում է տույժ»։ 

Մուրադյանը նաև հավելեց՝ նախատեսված է 2025 թվականին մոտ 25 տոկոսով նվազեցնել անջատումների քանակը և տևողությունը, իսկ 2027 թվականին արդեն պետք է կիսով չափ նվազեն։