Ինչո՞ւ է արժեզրկվում հայկական դրամը. տնտեսագետը` փոխարժեքի տատանումների մասին

Մանրամասներ
փոխարժեք դոլար

Տնտեսագետ Լիլիա Ամիրխանյանը չի հերքում, որ համաշխարհային ֆինանսական շուկայում մեծ փոփոխությունների պատճառ է դարձել Թրամփի ընտրվելը, բայց հայաստանյան շուկայում կատարվող փոփոխությունները նա ԱՄՆ–ի հետ չի կապում։

Հայաստանում վերջին օրերին գրանցված դրամի արժեզրկումը կարող է պայմանավորված լինել ԿԲ–ի վարած փողի էժանացման` տևական ժամանակ վերաֆինանսավորման տոկոսադրույքը նվազեցնելու քաղաքականության հետ։ Sputnik Արմենիայի հետ զրույցում այս տեսակետը հայտնեց «Հայացք» վերլուծական կենտրոնի տնտեսագետ Լիլիա Ամիրխանյանը։

Ավելի քան մեկ շաբաթ առաջ 1 դոլարի վաճառքը հայաստանյան բանկերում իրականացվում էր 389 դրամով, իսկ այսօր արդեն հասել է 396.9 դրամի, մեկ եվրոն վաճառվում էր 410 դրամով, իսկ այսօր` 422.4–ով։

«Վերաֆինանսավորման տոկոսադրույքի վերանայումը, իհարկե, ապագային միտված գործողություն է, և, ըստ էության, մենք այսօր արդեն տեսնում ենք այդ փոփոխության հետևանքը` դրամի որոշակի արժեզրկման տեսքով։ Ճիշտ է` վերաֆինանսավորման տոկոսադրույքի գործիքակազմը միտված չէ ուղղակիորեն ազդելու փոխարժեքների վրա, սակայն ածանցյալ կերպով իր ազդեցությունն ունենում է»,– ասաց տնտեսագետը։

Ամիրխանյանը կարծում է, որ ԿԲ–ն շարունակելու է փողի էժանացման քաղաքականությունը, ինչը ենթադրում է, որ դրամի արժեզրկումը առաջիկայում ևս դեռ կշարունակվի, բայց թե միչև ուր կբարձրանա դոլարի կամ եվրոյի գինը, դժվար է կանխատեսել։

«Չնայած արտաքին ազդակներից եկող անորոշությունները բավական բարձր են, և այսօր հստակ չենք կարող ասել, թե ինչպիսի փոփոխություններ և զարգացումներ կլինեն, և արդյոք միայն ԿԲ–ի կողմից վերաֆինանսավորման տոկոսադրույքի գործոնի վրա հիմնվելով` կարելի է ճշգրիտ կանխատեսում անել»,– նշեց Ամիրխանյանը` հավելելով, որ փոխարժեքի վրա մեծ է նաև արտաքին առևտրաշրջանառության ազդեցությունը, մինչդեռ այս ոլորտում ներկա պահին բավական մեծ է անորոշությունը։

Մեր զրուցակիցը չի բացառում, որ արտարժույթի արժևորումը պայմանավորված է նաև տարեվերջով։

«Պայմանավորված տարեվերջին շուկայում փողի զանգվածի որոշակի փոփոխություններով, երկարաժամկետ տնտեսական հարաբերությունների` վճարումների ակտիվացմամբ` հնարավոր է, որ սա էլ իր որոշակի էֆեկտն է ունեցել փոխարժեքի փոփոխության վրա»,– ասաց մասնագետը։

Հատկանշական է, որ որոշ վերլուծաբաններ համաշխարհային շուկայում, այդ թվում` ֆինանսական շուկայում այսօր գրանցվող երևույթները պայմանավորում են ԱՄՆ–ում Դոնալդ Թրամփի հաղթանակով։ Լիլիա Ամիրխանյանը չի հերքում` ԱՄՆ–ի նախագահական ընտրությունները և դրա արդյունքում ԱՄՆ քաղաքական ու տնտեսական կուրսի որոշակի հստակեցումը, իրոք, մեծ ցնցումներ են առաջացրել համաշխարհային ֆինանսական շուկայում, հատկապես` կրիպտոարժույթի, բայց չի կարծում, որ Հայաստանում դոլար–դրամ հարաբերակցությունն էական կապ ունի ԱՄՆ նախագահի փոփոխության հետ։

Նշենք, որ արտարժույթի փոխարժեքը բարձրացել է ոչ միայն Հայաստանում։ ՌԴ–ում դոլարի գինն ընթացիկ շաբաթվա ընթացքում բարձրացել է` հասնելով ռեկորդային ցուցանիշի` 114.5 ռուբլու, եվրոյինը` 120 ռուբլու։

Երեկ արդեն ՌԴ ԿԲ–ն որոշակի անկում է արձանագրել։ Դոլարի փոխարժեքը նվազել է մինչև 111, եվրոյինը` 117 ռուբլի։

Հայաստանում ռուսական ռուբլին, ի հակադրություն արևմտյան արժույթների, էժանանում է։ ՀՀ ԿԲ–ի տվյալներով` մեկ շաբաթ առաջ ռուսական ռուբլու փոխարժեքը դրամի նկատմամբ 3.86 դրամ էր, երեկ` 3.57։