Խռմփոցը բուժում չունի, սակայն կան դրա դեմ պայքարելու արդյունավետ մեթոդներ։ Դրանք ցուցակագրել է քիթ-կոկորդ-ականջաբան Ստանիսլավ Բորիսովսկին aif.ru-ին տված հարցազրույցում:
Բժշկի խոսքով, խռմփոցն առաջացնում է գլխացավեր և մեծացնում հիպերտոնիայի և քնի ընթացքում շնչառության կարճատև դադարի առաջացման վտանգը:
Բորիսովսկին զգուշացրել է, որ այս վիճակը սպառնում է ավելի լուրջ հետևանքներով։ Նա պարզաբանել է, որ ապնոէով տառապողները քնի քրոնիկ պակաս ունեն, ինչը մեծացնում է շաքարախտի, վարակիչ հիվանդությունների և նույնիսկ քաղցկեղի զարգացման հավանականությունը։
Խռմփոցից ազատվելու ամենահեշտ միջոցը, ասում է քիթ-կոկորդ-ականջաբանը, փորձելն է մեջքի վրա չքնել, ինչպես նաև բարձը փոխարինել ավելի բարձր ու կոշտ բարձով։ Եթե դա չի օգնում, բժիշկը խորհուրդ է տվել մարմնամարզություն՝ կոկորդի մկաններն ամրացնելու համար։ Նրա խոսքով՝ այդ մկանների տոնուսի բացակայությունը խռմփոցի տարածված պատճառ է։
Քնի ապնոէի ծանր դեպքերում հիվանդներին խորհուրդ է տրվում անցնել CPAP թերապիա, նշել է Բորիսովսկին։ Նա բացատրել է, որ այս տերմինը վերաբերում է հատուկ սարքերին, որոնք պետք է անընդհատ կրել քնած ժամանակ։ Ինչպես նաև, ըստ բժշկի, խռմփոցի խնդիրը կարող է լուծել ուլոպալատոպլաստիկան․ վիրահատություն է, որը թույլ է տալիս նորմալացնել գիշերային շնչառությունը:
0Comments