Գերմանիայի արտգործնախարարը հաջորդ շաբաթ կայցելի Իսրայել

Մանրամասներ
անալենա

Գերմանիայի արտաքին գործերի նախարար Անալենա Բերբոքը հաջորդ շաբաթվա կեսերին կայցելի Իսրայել։

Ըստ Բերբոքի, իր այցի շրջանակներում նա նախատեսում է Իսրայելին հրադադարի կոչ անել։

«Ռաֆահում աղետն արդեն հնարավորության սահմաններից դուրս է: 1,3 միլիոն մարդ ռազմական գործողություններից պաշտպանություն է փնտրում  խիստ սահմանափակ տարածքում: Իսրայելական բանակի հարձակումը Ռաֆահի վրա հումանիտար աղետ կլինի»,- գրել է Բերբոքը X-ի իր միկրոբլոգում:

«Իսրայելը պետք է պաշտպանի իրեն ՀԱՄԱՍ-ի ահաբեկչությունից, բայց միևնույն ժամանակ առավելագույնս մեղմի քաղաքացիական բնակչության տառապանքը։ Ահա ինչու է անհրաժեշտ  ռազմական գործողությունների ևս մեկ դադար՝ այդ թվում նրա համար, որպեսզի, վերջապես, հնարավոր լինի ազատել պատանդներին։ Ես հաջորդ շաբաթ Իսրայելում կրկին կքննարկեմ դրան հասնելու ուղիները»,- հավելել է նա:

Պատերազմի սկզբից  սա Բերբոքի հինգերորդ այցն է Իսրայել։

Իսրայելի վարչապետ Բենիամին Նաթանյահուն ավելի վաղ հայտարարել էր, որ իր կառավարությունը տարհանման ծրագիր է պատրաստում ավելի քան մեկ միլիոն պաղեստինցիների համար, որոնք թակարդված են Ռաֆահում՝ Եգիպտոսի հետ հարավային սահմանին:

Պաղեստինի առողջապահական իշխանությունները հայտարարում են, որ Գազայի հատվածում պատերազմի սկսվելուց ի վեր զոհվել է ավելի քան 28 հազար մարդ, որոնցից մոտ 70%-ը կանայք և երեխաներ են: