Հակոբ Սիմիդյանը չկարողացավ վերահսկել ապօրինի ձկնագողությունը. «Ժողովուրդ»

Մանրամասներ
հակոբ սիմիդյան

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ «2022 թվականին, Ազգային ակադեմիայի գնահատականով, Սեւանում եղել է 4700 տոննա Սիգ, 2023-ին՝ 3900 տոննա։

Փաստը մնում է փաստ, որ Շրջակա միջավայրի նախարարության նախարար Հակոբ Սիմիդյանը այդպես էլ չկարողացավ կատարել իրեն հանձնարարվածը եւ չվերահսկեց ապօրինի ձկնագողությունը։

Վարչապետ Փաշինյանը երեկ Կառավարության նիստում Սիմիդյանի վրա բարկացավ, ակնարկեց, որ նրան հանձնարարված աշխատանքները մնում են անկատար։

Սիմիդյանը, ի պատասխան, նշեց. «Մինչեւ 2024 թվականի սեպտեմբերի 1-ը ձկնորսները կարող են դիմել շուրջ 257 տոննա քվոտայի շրջանակներում օրինական որս իրականացնելու համար»։ Սիմիդյանը տեղեկացրեց, որ 2020-21 թթ. քվոտան եղել է 300 տոննայի շրջանակներում, 2022-23 թվականին եղել է 600 տոննայի շրջանակներում։ Փաշինյանը, այս տվյալներն ավելի բացելով, նշեց. «600 տոննա քվոտայի դիմաց մենք իրացրել ենք 566.1 տոննա ձուկ: Այսինքն՝ մենք բոլորս գիտենք, որ կրկնակի ավել որս է արվում, բայց նույնիսկ այս քվոտան, որի դիմաց պետք է վճարում ապահովվեր, մենք գոնե սիգի այդ 600 տոննայի վճարը չենք կարողացել ապահովել։ Սա անընդունելի բան է, բայց ավելի մեծ խնդիր է այն, որ 2023-ին այդ ցուցանիշն ավելի է նվազել, դարձել է 390 տոննա»։

Այսինքն՝ ստացվում է, որ ամեն տարի ավելացվում է Սեւան բաց թողնվող Սիգի եւ Իշխանի քանակը, սակայն տարեվերջին Սեւանում Սիգի, Իշխանի քանակը ձկնագողերի շնորհիվ կրկնակի պակասում է։

2024 թվականին «Սեւանի իշխանի պաշարների վերականգնման եւ ձկնաբուծության զարգացման» հիմնադրամը դրամաշնորհային մրցութով Շրջակա միջավայրի նախարարությունից ստացել է 495 մլն 700 հազար դրամ։

Պայմանագրով նախատեսված է հատկացված գումարը ծախսել ձկների կերի, հատուկ մասնագիտական ծառայությունների, անհրաժեշտ նյութերի ձեռք բերման եւ այլ անհրաժեշտ ծառայությունների համար։

Նախատեսված է 3-ից 5 գրամ եւ 5-ից 20 գրամ քաշով Իշխան գեղարքունի տեսակի մանրաձուկ բաց թողնել Սեւան։

Նույն դրամաշնորհի արժեքը 2023 թվականին կազմել է 495 մլն 691 հազար դրամ, իսկ 2022 թվականին՝ 300 մլն դրամ։

Արդյունքում ստացվեց այնպես, որ, ըստ տվյալների, տարեցտարի ձկնաբուծության համար պետության կողմից տրամադրվող դրամաշնորհների քանակը կայունանում է, սակայն ավելանում է ձկնորսության եւ ձկնագողության մակարդակը։ Հենց այս պատճառով էլ Փաշինյանը դժգոհ է նախարար Սիմիդյանի աշխատանքից։

Հիշեցնենք, որ «Ժողովուրդ» օրաթերթը գրել էր, որ Հակոբ Սիմիդյանը հեռացվող նախարարների շարքին է դասվում, քանի որ Նիկոլ Փաշինյանը նրա աշխատանքից էլ է դժգոհ, ինչպես Վահան Քերոբյանի դեպում։ Այս անգամ Փաշինյանը ոչ թե հեռացնելու նպատակով է հոխորտում նախարարների վրա, այլ անում է այնպես, որ նրանք ինքնակամ հրաժարական ներկայացնեն։

Փաշինյանը Սիմիդյանի հարցով կտրուկ քայլեր չի ձեռնարկում, քանի որ չի կարողանում գտնել որեւէ մեկին, ով կցանկանա աշխատել իր հետ եւ իր ղեկավարած կառավարությունում։

Ստացվում է, որ Փաշինյանի թիմը քիչ-քիչ մաշվում է, եւ պակասում են հավատարիմների շարքերը»։

Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում