Երևանում ծեծի է ենթարկվել «KFC» սննդի կետի փոխտնօրենը

Մանրամասներ
4

Դեկտեմբերի 10-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 18:30-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Կենտրոնական բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Մաշտոցի պողոտա 40/3 հասցեում գործող «KFC» սննդի կետում խուլիգանություն է տեղի ունեցել, որի ժամանակ փոխտնօրենը ծեծի է ենթարկվել:

Ինչպես հայտնում է Գագիկ Շամշյանը, Հերացու անվան թիվ 1 համալսարանական հիվանդանոցից ահազանգ է ստացվել, որ «գլխի գագաթային շրջանի պատռած վերք, գանգուղեղային վնասվածք հարցականով» ախտորոշմամբ իրենց մոտ է տեղափոխվել մի քաղաքացի:

Տեղում ոստիկանները պարզել են, որ տուժածը Լոռու մարզի բնակիչ՝ 33-ամյա Ալբերտ Բ.-ն է:

Պարզվել է, որ նույն օրը ժամը 18:00-ի սահմաններում Երևանի բնակիչներ 33-ամյա Սպարտակ Մ.-ն, 24-ամյա Արթուր Գ.-ն և 29-ամյա Մաթևոս Հ.-ն նշված սննդի կետում անհարգալից վերաբերմունք են դրսևորել հասարակության նկատմամբ:

Սննդի կետում չծխելու և չհայհոյելու հետ կապված վիճաբանել են Ալբերտ Բ.-ի հետ, որի ժամանակ նրան դուրս են հրավիրել սննդի կետից և խուլիգանությունը շարունակել այս անգամ դրսում՝ հայհոյանքներ հնչեցնելով, ձեռքերով ու ոտքերով բազմաթիվ հարվածներ են հասցրել Ալբերտ Բ.-ի մարմնի տարբեր մասերին՝ պատճառելով մարմնական վնասվածքներ, ապա դեպքի վայրից դիմել են փախուստի: