Լոռիում կրակոցներ են հնչել․ դատապարտյալը դատարանից դուրս գալու ժամանակ դիմել է փախուստի

Մանրամասներ
դատարան

Նոյեմբերի 6-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել Լոռու մարզում։ Ժամը 18։15-ի սահմաններում ՀՀ ՆԳՆ ոստիկանության Ստեփանավանի բաժնում տեղեկություն է ստացվել, որ «աջ բազկոսկրի ստորին երրորդի փակ սպիրալաձև կոտրվածք տեղաշարժով» «Ստեփանավան» բժշկական կենտրոն է տեղափոխվել մի տղամարդ։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, տեղում պարզվել է, որ բուժօգնության տեղափոխված քաղաքացին Լոռու մարզի բնակիչ 40-ամյա Ռոման Հ-ն է։

Պարզվել է նաև, որ նույն օրը ՀՀ Արդարադատության նախարարության քրեական ծառայության վարչության «Վանաձոր» քրեակատարողական հիմնարկում պահվող՝ ՀՀ նախկին Քր.օր-ի 175 հոդ. 2-րդ մասի 1-ի և 4-րդ կետերով դատապարտյալ 32-ամյա Հարություն Ս-ն տեղափոխվել է Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանի Ստեփանավանի նստավայր՝ պայմանական վաղաժամկետ ազատվելու նպատակով դատական նիստին, որի ավարտից հետո դատարանի հատուկ ելքով շենքից դուրս բերելիս հատուկ տեղափոխող ավտոմեքենային մոտեցնելու ընթացքում նա դիմել է փախուստի։

Ուղեկցող խմբի կողմից ձեռնարկված գործողությունների ժամանակ խմբի անդամ 37-ամյա Գևորգ Հ-ի կողմից կատարվել է երկու նախազգուշական կրակոց, որի արդյունքում կանխվել է Հարություն Ս-ի փախուստը, իսկ խմբի մյուս անդամ Ռոման Հ-ն փախուստի փորձը կանխելիս վայր է ընկել և ստացել է վերը նշված մարմնական վնասվածքը: Դեպքի փաստով ոստիկանության Ստեփանավանի բաժնում փաստաթղթեր են կազմվել։