Միշուստինը Կապանում ՌԴ հյուպատոսություն բացելու մասին հրամանագիր է ստորագրել

Մանրամասներ
միշուստին

ՌԴ կառավարությունը հավանություն է տվել Հայաստանի Կապան քաղաքում գլխավոր հյուպատոսություն բացելու համաձայնագրին։

Այս մասին հրամանագիրը ստորագրել է ՌԴ վարչապետ Միխայիլ Միշուստինը, փաստաթուղթը հրապարակվել է։

«Ընդունել Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության առաջարկությունը՝ նոտաների փոխանակման միջոցով Ռուսաստանի Դաշնության կառավարության և Հայաստանի Հանրապետության կառավարության միջև Կապան քաղաքում Ռուսաստանի Դաշնության գլխավոր հյուպատոսություն ստեղծելու մասին համաձայնագիր կնքելու վերաբերյալ»,- ասվում է փաստաթղթում։

Կապանում Ռուսաստանի Դաշնության գլխավոր հյուպատոսությունը կդառնա երկրորդը Հայաստանում. առաջինը Գյումրիում է։

Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարարությանը հանձնարարվել է փոխանակել նոտաներ։ Անհրաժեշտության դեպքում թույլատրվում է նոտայի նախագծում փոփոխություններ կատարել, որոնք «հիմնարար բնույթ չեն կրի»։

Ավելի վաղ ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հայտարարել էր, որ ՌԴ-ն դիմել է Կապանում հյուպատոսություն բացելու համար, ՀՀ-ն տվել է իր համաձայնությունը։ Միրզոյանն ընդգծել էր, որ Սյունիքում գլխավոր հյուպատոսություններ բացելու, որևէ կերպ ներկայություն ունենալու հետաքրքրությունը տարբեր երկրների շրջանում այսօր կա: «Իրանն արդեն ունի, Ֆրանսիան է հայտարարել նման մտադրության մասին: Կան էլի երկրներ. խոսակցությունը կա, բայց քանի որ վերջնական պայմանավորվածություններ չկան, չէի ցանկանա բացահայտել»,- ասել էր ՀՀ ԱԳ նախարարը: