Ռուսաստանում օտարերկրացիներին կարգելվի տաքսի վարել

Տրանսպորտային այլ միջոցների դեպքում նման սահմանափակում չի մտցվի

2019 թվականին Պետդուման ընդունելու է օրենք, որով արգելվելու է օտարերկրացիների կողմից տաքսի վարելը Ռուսաստանի տարածքում, եթե նրանք ՌԴ քաղաքացի չեն։ Այս մասին հայտարարել է երկրի խորհրդարանի՝ տրանսպորտի հարցերի հանձնաժողովի ղեկավարը։ Այս մասին հաղորդում է interfax-ը:

«Մենք առաջին ընթերցմամբ ընդունել ենք տաքսու մասին օրենքը, և հուսով եմ՝ 2019 թվականին մենք կլրամշակենք ու վերջնական տեսքով կընդունենք մարդատար տաքսիների մասին օրենքը», – ասել է հանձնաժողովի ղեկավար Եվգենի Մոսկվիչևը։

Նա տեղեկացրել է, որ վստահաբար լրամշակված տարբերակում կլինեն պատգամավորների առաջարկները, որոնց թվում է նաև օտարերկրացիների կողմից տաքսի վարելն արգելելու մասին նախաձեռնությունը։ Պատգամավորը տեղեկացրել է, որ տրանսպորտային այլ միջոցների դեպքում նման սահմանափակում չի մտցվի, որովհետև մյուս ոլորտներում կա խիստ կանոնակարգում ու հսկողություն, և հետևաբար նման խիստ սահմանափակման կարիք չի լինի։

Հիշեցնենք, որ օտարերկրացի վարորդների վերաբերյալ այս նախաձեռնությունից բացի, Ռուսաստանի իշխանություններն օտարերկրացիների աշխատանքն իրենց երկրում աստիճանաբար սահմանափակում են նաև այլ մեթոդներով, որոնցից մեկն էլ տարբեր մասնագիտություններով աշխատող մարդկանց քվոտաների տրամադրումն է։

Նախատեսվում է, մասնավորապես, որ 2019-ին Ռուսաստանը 20% պակաս թվով աշխատող է ընդունելու այլ երկրներից։ 144 հազար 583 աշխատակից․ սա թիվն է այն մարդկանց, որոնց Ռուսաստանը թույլ կտա աշխատել այդ երկրում՝ լինելով այլ պետության քաղաքացի։ Այլ բառերով՝ «խոպան գնացողների» թիվը Ռուսաստանը մտադիր է կրճատել 20 տոկոսով՝ 2018 թվականի համեմատությամբ, և սրա վերաբերյալ որոշումն ընդունել է այդ երկրի կառավարությունը։