Կառավարությունը ներմուծման մաքսատուրքից ազատել է «Ջերմուկ Գրուպ»-ին

Մանրամասներ
ջերմուկ

Կառավարությունը գերակա ոլորտում իրականացվող ներդրումային ծրագրի շրջանակներում ներմուծման մաքսատուրքից ազատեց «ՋԵՐՄՈՒԿ ԳՐՈՒՊ» փակ բաժնետիրական ընկերությանը:

«ՋԵՐՄՈՒԿ ԳՐՈՒՊ»-ի կողմից ներմուծվող հումքը նախատեսվում է օգտագործել պոլիէթիլենային ջերմակցման թաղանթի (պոլիէթիլենային հումքից) արտադրության համար, իսկ թամբային քարշակները և սառնարանային կիսակցորդները՝ թողարկված արտադրանքը արտահանելու նպատակով։ Ընկերությունը նախատեսում է թողարկված արտադրանքի 80 տոկոսը և ավելին արտահանել ԵՄ երկրներ, ԱՄԷ, ԱՄՆ Վրաստան և այլ երկրներ։

Արդեն իսկ իրականացվել է 159․9 մլն դրամի կապիտալ ներդրում։ Ծրագրի շրջանակներում նախատեսվում է իրականացնել 6․6 մլրդ դրամի ներդրում հումքի ձեռքբերման համար և 1․7 մլրդ դրամի ներդրում քարշակների և կիսակցորդների ձեռքբերման համար։

Նախատեսվում է ներդրումային ծրագրի շրջանակներում ստեղծել 32 նոր աշխատատեղ՝ մինչև 460 հազ դրամ միջին ամսական աշխատավարձով։

Արտոնություն ստանալու համար ներկայացված ապրանքների արժեքը կազմում է 8.3 մլրդ դրամ: Մաքսատուրքից ազատման արտոնությունը գնահատվում է 102․6 մլն դրամ: