«Նիկո՛լ, Ստեփանակերտի հինգհարկանի շենքերի տանիքին կամ ասֆալտին բադրիջան չի՛ աճում, իսկ այն հողերը, որտեղ բադրիջան աճում է, դու հանձնել ես թշնամուն` քո թեթև ձեռքով»,- 168 TV-ի «Ռեվյու» հաղորդաշարի եթերում, դիմելով արցախցիներին սմբուկ չաճեցնելու մեջ մեղադրող Նիկոլ Փաշինյանին, նման պնդում արեց «Ժողովրդավարություն և անվտանգություն» ՀԿ նախագահ Նաիրա Զոհրաբյանը։
Նրա խոսքով՝ Փաշինյանն իր 5 ժամ 15 րոպե տևած ասուլիսի ընթացքում գեներացնելով ատելություն արցախցիների նկատմամբ՝ փորձեց ցույց տալ, որ գնալու է այն ծրագրով, որի կատարման համար ինքը բերվել է իշխանության։
«Փաշինյանն իր ծրագիրն ավարտին հասցնելու հարցում մահապարտ է. ինքը վախեր չունի։
Իրեն կասեն՝ Մելիք Ֆրանգյուլ, թե այլ բան, իրեն չի հետաքրքրում։ Ինքն անում է ամենավատ բանը՝ արյունահեղություն է հրահրում արցախցիների և հայաստանցիների միջև, իսկ դա ամենադաժան բանն է, որը կարող էր անել և անում է։
1000 մարդ էլ զոհվի փողոցում, մեկ է՝ Փաշինյանը կառչած է մնալու իշխանությունից»,- ասաց Նաիրա Զոհրաբյանը։
Նրա խոսքով՝ իշխանությանը կառչած մնալու համար Փաշինյանը հասավ նաև Արցախի իշխանություններին՝ նրանց վախեցնելով, թե կհրապարակի նրանց ունեցվածքի ցուցակները։
«Արցախի քաղաքական էլիտա, շատ լավ արեց, ձեր աչքն էլ հանեց և ձեր պորտը տեղը դրեց։ Ասեց, որ կհրապարակի Հայաստանում ձեր ունեցած անշարժ գույքերի ցանկը, իսկ ձեր տղամարդկությունը չի հերիքում հնչեցնել այդ մեկ մեղավորի, մեկ պատասխանատուի անունը, հետևաբար՝ ձեզ հետ լավ վարվեց։ Եթե վախենում եք, որ Փաշինյանը կհրապարակի ձեր ունեցվածքի ցանկը, ապա հանգիստ եղեք, մենք շատ լավ գիտենք, որ Արցախի ներկա և նախկին էլիտան չքավորներից չէ։
Արայիկ Հարությունյան, որ եղբորդ գերեզմանին երդվում էիր, թե Շուշին հանձնելու դեպքում ինքնասպան կլինես, հիմա ինքնասպան մի եղիր, եղիր ընդամենը տղամարդ»,- ասաց Զոհրաբյանը։
Ինչ վերաբերում է Փաշինյանի այն դիտարկմանը, որ արցախցիները ցանկանում են Հայաստանը մատաղ անել, ինչն ինքը թույլ չի տալու, Նաիրա Զոհրաբյանը նշեց՝ Փաշինյանը Հայաստանը մատաղ է արել մի քանի տարի առաջ։
«Նիկո՛լ, դու Հայաստանը մատաղ ես արել 2018 թվականին, երբ Չալոյի հետ Գյումրիից քայլեցիր Հայաստան, բայց հիշիր, դու վարչապետ չես մնալու։ Շատ շուտով ձևավորվելու է նոր շարժում, որին միանալու են նաև խորհրդարանական ընդդիմադիր ուժերը։
Ջինն այլևս շշի մեջ չէ։
Նիկոլը պարբերաբար ասուլիս է հրավիրում հանրային տրամադրությունները հասկանալու համար, և երեկ ինքը հասկացավ, որ «Մերժիր Նիկոլին» օրակարգն ամենաակտուալ օրակարգն է։
Երեկ հասկացավ, որ Հայաստանի ամենաատելի մարդն ինքն է, ուստի Նիկոլի հեռացումն օրերի և շաբաթների հարց է, բայց մեր խնդիրն է՝ թույլ չտալ, որ մինչ հեռանալն անի անդառնալի քայլեր»,- ասաց Զոհրաբյանը։
Հարցազրույցի մանրամասները՝ տեսանյութում
0Comments